Պուտինի անմիջական նպատակներն Ուկրաինայի պատերազմի հարցում կարող են փոխվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, փոխել է իր նպատակները Ուկրաինայի դեմ հակամարտության հարցում՝ դարձնելով դրանք «ավելի կարճաժամկետ», գրել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրների։
Ռուսական կողմը մտադիր է կենտրոնանալ իր վերահսկողության տակ անցած տարածքներում իր դիրքերի ամրապնդման և տնտեսության խթանման վրա։
Հոդվածում ներառված են ամերիկացի և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք CNN-ին զրուցել են անանունության պայմանով։ Նրանցից մեկը կարծում է, որ փոփոխությունները կապված են Մոսկվայի՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության հետ։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը չի հրաժարվում իր «մաքսիմալիստական ռազմական նպատակներից», որոնց թվում է Ուկրաինայի նոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը ստանձնելը։
Այս տարվա սկզբին ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներին ասել են, որ Ռուսաստանը հենց դա է ձգտում անել։