Քերոբյանի բացահայտումը 

Քերոբյանի բացահայտումը 

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վերջին հարցազրույցում մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին։

«Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել, դրանք իմ բարոյական չափանիշնեցրից դուրս էին»,- ասել է նա:

Հարցազրուցավարի համառ հարցերին նա միայն պատասխանել է. «Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ»:

Այսպիսով, տնային կալանքից օրեր առաջ ազատված նախկին նախարարը տողատակով հասկացրել է, որ ինքը ոչ թե կոռուպցիոներ է, այլ դարձել է ներիշխանական կոշտ պայքարի, «ֆիլտրումների» զոհը:

Քերոբյանի ասածը խիստ արժանահավատ է թվում. քանի Փաշինյանի իշխանությունը դառնում է ավտորիտար, այնքան նրա ներսում խորանում է կլանային պայքարը՝ ազդեցության ոլորտների, փողի համար:

Այդ պարագայում անիմաստ է խոսել օրինականության, իրավական ընթացակարգերի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նման կատեգորիաները կլանների և նրանց պայքարի մասին չեն, որտեղ «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե օրենքով կամ քաղաքական տրամաբանությամբ, այլ «ուժեղի» և «թույլի» ուժային դիսբալանսով:

Հիմա Քերոբյանը «թույլ» ու «վտարված» է և որոշել է բացահայտել իրեն «խժռողներին»:

Վահրամ Բագրատյան