Իշխանական «բեսպրեդել»

Իշխանական «բեսպրեդել»

Սահմանադրական դատարանը Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը չի քննի․ իշխանական պատգամավորները երեկ չմասնակցեցին այս հարցով բարձրագույն ատյան դիմելու քվեարկությանը։
Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է՝ էական որևէ խախտում դատավորը թույլ չի տվել:

Իշխող մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ պնդել է, թե հարցը պետք է ոչ թե որպես միտումնավոր խախտում, այլ՝ տեխնիկական խնդիր դիտարկել:
Ուշադրություն դարձրեք ՔՊ վարքագծին ու նրա պատգամավորների հայտարարություններին:

Առհասարակ, երբ որևէ խմբակցություն չի մասնակցում քվեարկությանը, դա մեկ բան է նշանակում՝ նա խուսափում է քաղաքական պատասխանատվությունից: Տվյալ դեպքում, ՔՊ-ում չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի համար, այլ ընդամենն արձանագրել են, որ վերջինս իրենց «մարդն» է ու պետք է շարունակի պաշտոնավարել:

Այդ մասին են նաև ՔՊ պատգամավորների հայտարարությունները:

ՔՊ խմբակցության ղեկավարը չի ասում, թե Սաֆարյանը խախտում չի արել, ավելին՝ ընդունում է խախտման փաստը, բայց դա համարում է «ոչ էական»: Մինչդեռ, սա հարց է, որի սահմանումը պետք է տար հենց ՍԴ-ն:

Ավելի ցնցող է Սերգեյ Բագրատյանի հայտարարությունը: Ինչպե՞ս կարող է ՔՊ պատգամավորը «տեխնիկական խնդիր» որակել Սաֆարյանի արարքը, եթե իրավական գնահատական՝ համապարփակ քննության արդյունքում, կարող էր ու պետք է տար բացառապես ՍԴ-ն:

Մի խոսքով, «բեսպրեդել»՝ ԱԺ կատարմամբ:

Վահրամ Բագրատյան