Ի վերջո՝ «Մալաթիան» կփակվի՞. Տեսչականի պատասխանը չի բավարարել աշխատակիցներին․ մանրամասներ

Ի վերջո՝ «Մալաթիան» կփակվի՞. Տեսչականի պատասխանը չի բավարարել աշխատակիցներին․ մանրամասներ

Քիչ առաջ ավարտվել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի, տոնավաճառի 15 աշխատակիցների և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանդիպումը։

Հիշեցնենք, որ կողմերը հանդիպել էին՝ քննարկելու տոնավաճառի հետագա գործունեության հարցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը հակահրդեհային պայմանների պահպանման խախտումներ է արձանագրել տոնավաճառում, տեղեկացրել է այդ մասին տոնավաճառի տնօրենին, սակայն մի քանի ամսվա մեջ 17 խախտումներից միայն 12-ն է շտկվել։

Այդ իսկ պատճառով տեսչական մարմինը որոշել է փետրվարի մեկից կասեցնել տոնավաճառի գործունեությունը։

«Տեսչական մարմինն առաջարկեց, որ իրենց ներկայացրած խնդիրները լուծենք։ Սակայն, իրենց տարբերակով երկու ամիս կտևեր այդ ամենը, ինչը վաճառողների համար ընդունելի չէր։ Մենք այստեղ ասացինք, որ նման ձևով չենք կարող, առաջարկեցինք, որ երեք-չորս օրում, օր ու գիշեր աշխատելով լուծենք հարցը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Նա տեղեկացրեց, որ հիմա նախահաշվարկ պետք է արվի՝ հասկանալու, թե տեսչական մարմնի պահանջները բավարարելու համար անհրաշետ սարքերն ի՞նչ կարժենան։

«Պետք է հաշվարկ արվի, գուցե այնքան մեծ թիվ կազմի, որ ես ինքս հրաժարվեմ ու տոնավաճառը փակվի»,- նշեց Ավետիսյանը։

Այս պահին տեսչական մարմնի աշխատակիցները գնում են տոնավաճառ՝ ներկայացնելու, թե ինչ պետք է արվի։

Ավելին այս պահին Ավետիսյանը չհայտնեց, պարզապես նշեց՝ փորձում են ամեն բան անել, որ տոնավաճառը շարունակի գործել։

Նարե Գնունի