Այս պահին նման որոշում չունենք․ Հայաստանը կհրաժարվի՞ ընդդեմ Ադրբեջանի հայցերից

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից։
Հիշեցնենք, Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի:
Հայկական կողմից քաղաքական մակարդակով չեն բացառել, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր գանգատներից։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս հարցի կապակցությամբ ասել էր․ «Եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք»։
Mediahub-ը դիմեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ՝ հասկանալու, թե ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի պահանջների մասով, հնարավո՞ր է իսկապես հրաժարվի ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցերից։
Ի պատասխան՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը Mediahub-ին ասաց․ «Այս պահին նման որոշում չունենք, աշխատանքները բնականոն հունով շարունակվում են»։
Այսինքն՝ քաղաքական որոշում չկա, որ կարողանան հստակեցնել՝ հրաժարվո՞ւմ են հայցերից, թե՞ ոչ։
Վահե Մակարյան