«Կախիչ-ցնցուղ» շոուների հերթական զոհը․ ինչո՞ւ է ազատվել Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն

«Կախիչ-ցնցուղ» շոուների հերթական զոհը․ ինչո՞ւ է ազատվել Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ից պաշտոնից ազատել է իր արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանին։ Պատճառը, սակայն, նշված չէ, թե ինչ էր արել Վարոսյանը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ազատել նրան պաշտոնից։

MediaHub-ի տեղեկություններով՝ Սուրեն Վարոսյանի պաշտոնազրկումը ևս կապ ունի Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերի և «կախիչ-ցնցուղ» շոուների հետ։ Ավելի պարզ ասած՝ Վարոսյանն էլ, Լոռու և Արմավիրի նախկին մարզպետների նման, Փաշինյանի զայրույթի նոպաների հերթական զոհն է, քանի որ ասացին՝ մարզային դպրոցներում ավարտված շինարարության այդպիսի խայտառակ պատկեր տեսնելուց հետո Փաշինյանը զայրացել է նաև իր արարողակարգի պատասխանատուի վրա, թե ինչո՞ւ իր այցից առաջ ամեն ինչ ըստ պատշաճի չեն կազմակերպում, որ չգնա և այդպիսի տեսարանների ականատես լինի՝ թքած-կպցրած կախիչներ, էժանագին ցնցուղներ, անորակ շինարարություն և այլն։ Ու թեև արարողակարգի պատասխանատուն այդ ամենի հետ, մեծ հաշվով, այնքան էլ կապ չի ունեցել, բայց Փաշինյանը որոշել է նրան էլ «ժերտվա» տալ։

Ու եթե մարզպետներին ազատել է նույն օրը, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ինքը պատժում է անորակ շինարարության պատասխանատուներին, ապա արարողակարգի պետին, որը հանրության աչքին թոզ փչելու և պոպուլիստական դիվիդենտներ հավաքելու տեսանկյունից այդ պահին հարմար կադր չէր, ազատել է ամսվա վերջով, որ և՛ ամիսը լրանա, և՛ մինչ այդ մյուս այցերի կազմակերպումը չձախողվի՝ մինչև նրան փոխարինող կգտնեն։

MediaHub-ը այս հարցով կապ հաստատեց Սուրեն Վարոսյանի հետ, ճշտելու, թե ինչո՞ւ է ազատվել աշխատանքից, և ճի՞շտ է, որ Փաշինյանի մարզային այցերն ու «կախիչային» միջադեպերն են իր ազատման առիթ հանդիսացել, սակայն Վարոսյանը չցանկացավ մեկնաբանել՝ հորդորելով իր ազատման հարցով դիմել կառավարության լրատվական վարչությանը։ Միայն մեր հարցին, թե դժգո՞հ էր Նիկոլ Փաշինայնը իր աշխատանքից, կարճ ասաց՝ ամենևին։

Վահե Մակարյան