«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից առանց ջրօգտագործման թույլտվության 2 խորքային հորերի շահագործման վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից 03.04.2025թ. տարածված պաշտոնական հաղորդագրության առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնել է.
«Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից խորքային հոր չի շահագործվում: ՍՊ ընկերության տարածքում և հաշվեկշռում առկա է մեկ խորքային հոր, որը 2011թ. կնքված վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքին (Նորապատ վարչական շրջանին)։
ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի կողմից ս.թ. մարտ ամսին իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտով արձանագրվել է, որ վերը նշված խորքային հորը վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման Նորապատ վարչական շրջանին, ինչը հաստատել է նաև Նորապատ համայնքի ղեկավարը։
Հետևաբար, խորքային հորի շահագործման խախտումների հետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի և նման համատեքստով պաշտոնական հաղորդագրության մեջ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հիշատակումը՝ առանց նշելու, որ խորքային հորը վարձակալության պայմանագրով հանձնվել է շահագործման Նորապատ վարչական շրջանին, առաջացնում է թյուրընկալում և պարզապես արատավորում է Ընկերության գործարար համբավը։
Ինչ վերաբերում է երկրորդ խորքային հորին, հարկ է նշել, որ «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն տեղեկացրել է Տեսչական մարմնին այն մասին, որ ՍՊ ընկերության տարածքում առկա է խորքային հորի նմանվող հողային փոս, որը որպես խորքային հոր երբևէ չի շահագործվել։ Ավելին, «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնվել են այդ հողային փոսի վերացման աշխատանքներ, ինչը նույնպես արձանագրված է Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչների կողմից կազմված ակտով։
© https://shamshyan.com/hy/article/2025/04/04/1281072