Այսօր Ազգային ժողովում ընթացան լսումներ՝ ««Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը» թեմայով։ Հաշվի առնելով, որ լսումներին մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարները, ապա ակնհայտ է, որ այդ «վերաիմաստավորմանը» հաջորդելու են նոր քրեական գործեր, նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բնականաբար ըստ քաղաքական նպատակահարմարության։ Այն, որ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններն ամբողջովին պետք է բացահայտվեն ու մեղավորները պատժվեն, նույնիսկ չի էլ քննարկվում, սակայն մի շարք հանգամանքների պատճառով Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել այն անձը, որը պետք է ու որը կարող է օբյեկտիվորեն ավարտին հասցնել «Մարտի 1-ի» գործը։
Նախ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ավելի քան 7 տարի է, ինչ իշխանության է ու ցանկության դեպքում կարող էր գործն ամբողջությամբ բացահայտել, եթե այդ տարիներին չի արել, ապա կարող է լինել երկու պատճառ։ Առաջինը՝ գործը բացահայտված է, մեղավորները՝ պատժված, հետևաբար այլևս անելիք չկա։ Երկրորդը՝ նա չի ունեցել նման ցանկություն, այլ «Մարտի 1-ը» դիտարկել է որպես քաղաքական շահարկումների գործիք։
Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում «վերաիմաստավորում» ու ինչո՞ւ է այդ գործը «վերաիմաստավորվում» խորհրդարանական ընտրությունների շեմին, եթե իրականում այն չի կրում քարոզչական բնույթ ու նոր քրեական գործեր հարուցելու պատրվակ չէ։ Երրորդը՝ ի՞նչ լսումների մասին է խոսքը, եթե այդ «վերաիմաստավորում» կոչեցյալն ամբողջովին ընթանում է շոուի էլեմենտներով, դրան մասնակցում են մարդիկ, որոնք ոչ միայն որևէ կապ չեն ունեցել մարտի 1-ի իրադարձություններին, այլև նույնիսկ չէին էլ կարող ներկա լինել 2008 թվականին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին։ Օրինակ՝ Հովհաննավանքի կեղծ պատարագին մասնակցած ՔՊ-ական դպիրը, որը այդ տարիներին կա՛մ ծնված չէր եղել, կա՛մ երեխա էր։ Հետևաբար նույն հաջողությամբ կարող էր մասնակցել նաև Ավարայրի ճակատամարտը «վերաիմաստավորելու» թեմայով որևէ լսումների, որի ընթացքում կփորձեն Վասակ Սյունուն ներկայացնել որպես պետական խոշորագույն գործիչ, որի նպատակն էր «իրական Հայաստանի» կերտումը, իսկ Վարդան Մամիկոնյանին ժողովրդին պարսկական փղերի ոտքերի տակ տանող հանցագործ։ Միևնույնն է թե՛ առաջին, թե՛ երկրորդ լսումների ժամանակ այդ դպիրը սոսկ բուտաֆորիա էր լինելու՝ ապահովելու համար շոուի մարդաշատությունը, ինչպես դահլիճում նստածներից շատ-շատերը։
Եվ չորրորդը՝ եթե ամեն ինչը «վերաիմաստավորվում» է, գուցե իրավապահ մարմինների ղեկավարները գնահատական տան նաև Նիկոլ Փաշինյանի այն բղավոցներին, որոնցով հանրահավաքի մասնակիցներին կոչ էր անում զինվել դիմացի մայթում ընթացող շինարարության երկաթե ձողերով ու արմատուրաներով ու հայտարարում, որ իր հոգին փառավորվում է։ Գուցե իրավապահ մարմինների ղեկավարները փորձեն պարզել, թե կոնկրետ ինչի՞ց էր փառավորվում Նիկոլ Փաշինյանի հոգին՝ բախումների՞ց, թե՞ զոհերից։
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այս 7 տարիների ամբողջ գործունեությունն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ նրա հոգին փառավորվում էր թե՛ մեկից, թե՛ մյուսից։ Սակայն էլի եմ շեշտում, սա քաղաքական գնահատական է նրա անձին, իսկ իրականությունը պետք է պարզի, օրինակ, դահլիճում նստած գլխավոր դատախազը։
Բայց միայն այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է «վերաիմաստավորել» այդ գործը, ապա ակնհայտ է, որ այս անգամ նա հանուն իր ներքաղաքական շահերի փորձում է օգտագործել «Մարտի 1»-ի զոհերին։ Փաշինյանը զոհերի արյան գնով քաղաքական գործունեություն ծավալելու փորձ ունի։
Կարեն Կարապետյան
