«Եվրանեսթյան» երկօրյա. թեժ քննարկումներ թե՛ ներսում, թե՛ դրսում. «Փաստ»

«Եվրանեսթյան» երկօրյա. թեժ քննարկումներ թե՛ ներսում, թե՛ դրսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում կայացան «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչն ինքնին բնական է: Սակայն առավել ցավալի էր տեսնել մեր հանրության որոշակի շրջանի բուռն քննարկումներն այն մասին, թե ադրբեջանցիներին որ ռեստորանն է «հաց տվել»:

Իրականում սա առավել քան ծայրահեղականացված ու անիմաստ քննարկում է հատկապես այն դեպքում, երբ այդ պատգամավորներն արդեն հասել են Երևան: Շատերի կարծիքով, ի սկզբանե գործող իշխանությունները չպետք է թույլ տային նրանց այցը: Օրինակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ եթե Երևանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը, ասենք, կարող էր այդ միջոցառումներն իրականացնել հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար։

Եվ ընդհանրապես, առկա վիճակում առաջնային նշանակություն ունի մի կողմից՝ քաղաքական ճկունությունը, մյուս կողմից՝ դիվանագիտական ճիշտ աշխատանքը: «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքների ժամանակ, մասնավորաբար, բավականին կոշտ հարցադրումներ ու հայտարարություններ էին անում ընդդիմադիր պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից: Ի մասնավորի, նույն Արթուր Ղազինյանը մեկ անգամ ևս շեշտեց թեզը, թե ԼՂՀ-ն եղել է, կա և կմնա հայկական, ինչը տարիներ շարունակ իրենց գործունեության առանցքում են պահել երկրորդ ու երրորդ նախագահները և հիմա էլ քանիցս բարձրաձայնում են այդ մասին, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի:

Ղազինյանը խոսեց նաև Արևմուտքի երկակի ստանդարտների մասին: Հանուն արդարության, պետք է նշել, որ ադրբեջանցիներին բավականին կոշտ արձագանքեցին նաև քպական առանձին պատգամավորներ: Սակայն նման կեցվածքը գործող իշխանությունների համար պետք է լինի ոչ թե հատվածական, իրավիճակային, այլ ամենօրյա քաղաքականություն:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում