Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 73-ամյա Վարդանուշ Ի․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակային մուտքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել երկաթե ճաղավանդակներին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի, 2-ը չափահաս, 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց՝ չափահասները «Աստղիկ» բժշկական կենտրոն, երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Չափահասների առողջական վիճակի մասին MediaHub-ը փորձեց ճշտել «Աստղիկ» ԲԿ-ից, սակայն մեզ ասացին, որ տեղեկություն հայտնել չեն կարող։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից փոխանցեցին, որ ոչ թե 2 երեխա է վթարի հետևանքով տեղափոխվել իրենց մոտ, այլ՝ 3: Երեխաներն ունեցել են սալջարդեր։
«Շտապ օգնությունով բերել են մեզ մոտ։ 3-ն էլ հետազոտվել են, կատարվել է հատուկ հետազոտություններ։ Երկուսը արդեն տուն են գնացել, ստացիոնալ բուժման անհրաժեշտություն չի եղել։ Մյուսը ավելի երկար է մնացել՝ հետազոտվել է, հետագա բուժման կարիք չի եղել, դուրս է գրվել»,- նշեց ԲԿ-ի աշխատակիցը։
Էմմա Մարտիրոսյան