Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Դոմփել» բառի համար էլ է Փաշինյանը պարզաբանումներ ուղարկել ԿԿ հանձնաժողովին, Վեհափառին փորձում է համոզել. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

«Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:

Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:

Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերեւս կլինի առաջինը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել էր. «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները»:

Պատգամավորը արձանագրել էր, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի եւ բարոյականության շրջանակներում։ «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը եւ խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու եւ ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։ Պետական պատիվը սկսվում է խոսքից։ Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել է պատգամավորը»։

 

«Իրավունք» թերթը գրում է.

«Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ-ական պատգամավորներին։ Ըստ մոտ կանգնած աղբյուրների, նա հրահանգել է. «Ընդդիմադիրների քննադատությանը մեկին տասով պատասխանել, ցույց տալ ժողովրդին, որ ընդդիմությունն ԱԺ է գալիս զուտ աշխատավարձ ստանալու համար»:

Այս մասին պատմեց մեր աղբյուրը։ «Հին ու նոր խառնեք ու խայտառակեք ոնց կարող եք, ոչ մեկին չխնայեք, թող հասկանան, որ սատանի մայլեն քյանդրբազությունը չի անցնում»,- ըստ աղբյուրի, ասել է թիմակիցներին»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց` կալանավորումից առաջ, մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ հոգեւոր գործը վեր է դասում ամեն ինչից: Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը, ըստ երեւույթին, հույս ունի՝ իրավիճակը չսրել եւ արժանանալ Փաշինյանի բարեգթությանը:

Բայց լավատեղյակներն ասում են` իզուր, հաջորդ թիրախն ինքն է լինելու։ Մեր տեղեկություններով, Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ Վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա` 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։

Աջապահյանը, ի դեպ, նախկին հարցազրույցներում  չի բացառել իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ եթե Վեհափառն օրհնի՝ ինչո՞ւ ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում Վեհափառի հետ, չեն բացահայտում։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը եւ առաջարկում է Աջապահյանին:

«Հայաստան» դաշինքն իր համաձայնությունը տվեց, «Պատիվ ունեմ»-ը եւս համաձայնեց, բայց՝ 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը։ Լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել՝ հետ պահել Սրբազանին»։

Send