Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն, երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանին նախագահի վերջին մեկնաբանություններում։
Ըստ վարչապետի՝ Հայաստանին մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ, Ալիևը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանը շրջափակելու և ցեղասպանելու համար։
«Բայց, եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է։ Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, և մենք հասնելու ենք մեր նպատակին», - եզրափակել է գործադիրի ղեկավարը։
Հետպատերազմյան շրջանում դժվար է հիշել Փաշինյանի ավելի կոշտ ելույթ, հասցեական ու օբյեկտիվ քննադատություն Ադրբեջանի հասցեին: Այս հարթության վրա Փաշինյանի ելույթի վերաբերյալ բովանդակային առարկություններ չկան, մանավանդ, որ այն առավելագույնս մոտ էր հանրային տրամադրություններին:
Հարցերն այլ տեղ են:
Արդյո՞ք Փաշինյանն՝ այս ելույթով, ընդունում է, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանի» օրակարգն այլևս սպառված է, թե՞ գործ ունենք հերթական փորձարկման հետ: Այլ խոսքով, հասարակության մեծ մեծ մասը չի հավատում Փաշինյանի հետևողականությանը, ավելին՝ նրան մեղադրում է քաղաքական երկվության մեջ:
Մյուս կողմից, Փաշինյանը երեկվա ելույթում չի անդրադառնում սկզբունքային նշանակություն ունեցող այլ հարցերի: Արդյո՞ք բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, դա պայմանավորված է բացառապես Ալիևի ագրեսիվ քաղաքականությա՞մբ, թե՞ նաև այն հանգամանքով, որ տարբեր միջնորդների առջև ձևակերպված չէ նրանց քաղաքական պատասխանատվության հանգամանքը:
Ի դեպ, վերջին դրվագում պակաս մեծ չէ պաշտոնական Երևանի պատասխանատվությունը, որի չի ձևավորել անգամ բանակցային իր օրակարգը, հետևաբար՝ անհասկանալի է, թե, ի վերջո, ինչ կարող է պահանջել միջնորդներից:
Այո, Փաշինյանի երեկվա ելույթը համարժեք էր, բայց դա նաև ու առաջին հերթին՝ սեփական քաղաքական ձախողման խոստովանությունն էր: Ուշացած ու ուղղակի չհնչեցված խոստովանություն, որը, ցավոք, Հայաստանը կարող է կանգնեցնել նոր փորձությունների առջև:
Վահրամ Բագրատյան