ՔՊ-ականների հռչակած «խաղաղության դարաշրջանը» հերթական ֆեյքն է

ՔՊ-ականների հռչակած «խաղաղության դարաշրջանը» հերթական ֆեյքն է

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան:

ՔՊ-ականների հռչակած «խաղաղության դարաշրջանը» հերթական ֆեյքն էր, ինչպես Փաշինյանի և թիմի բոլոր խոստումները՝ 2018-2022թթ.-ի ընթացքում: Հայ զինվորներ են զոհվում սահմաններին, թշնամին իրեն լկտի է պահում սահմանի ողջ երկայնքով, իսկ ՔՊ-ն առաջնագիծն ամրապնդելու և հակահարված տալու փոխարեն ֆեյսբուքյան ստատուսներ է գրում՝ մեղադրելով «նախկիններին»:

Փաշինյանին և նրա կողմից նշանակված ուսուցիչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պետք է հարց ուղղել՝ ի՞նչ է արվում հայոց բանակը վերականգնելու, սահմաններն ամրապնդելու և թուրք-ադրբեջանական սադրանքներին իրական՝ այլ ոչ թե մամուլի հաղորդագրությունների մակարդակով հակահարված տալու համար: ՔՊ-ականները կրկին հիշելու են «նախկիններին»՝ խոսելով բանակի «30 տարվա թալանի» մասին և այլ հեքիաթներով փորձելու են հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից:

Ադրբեջանը զինվում է՝ արդիական զինատեսակներ է գնում, 44-օրյա պատերազմից հետո մեծացնում է բանակի թվաքանակը՝ դա ՔՊ-ի կողմից քարոզվող «խաղաղության դարաշրջանի» պայմաններում: Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ ադրբեջանական բանակը գնում է թուրքական, իսրայելական նորանոր զինատեսակներ, թուրք-ադրբեջանական զորավարժությունները ինտենսիվացել են: Փաշինյանն ու թիմը Հայաստանն ու Արցախը տանում են հերթական աղետի: Իշխանափոխությունը ՀՀ-ում դառնում է ոչ թե զուտ պրիմիտիվ անհրաժեշտություն՝ այլ պետականության փրկության գոյաբանական պայքար:

Ադրբեջանը կրակելու է այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության են ՔՊ-ականները, ովքեր Ալիևին արձագանքելու փոխարեն մամուլի հաղորդագրություններ են տարածում կամ դիմում եմ տարբեր գերտերությունների օգնությանը: Օգնում են այն երկրներին ու ազգերին, ովքեր պայքարում են, ովքեր չեն ցանկանում ցեղասպանվել: Որևէ գերտերություն չի պատրաստվում Ադրբեջանի հետ պատերազմել՝ Հայաստանի ու հայերի փոխարեն:

Հայոց հզոր բանակն է հայ ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, իսկ ՌԴ-ի հետ ռազմա-քաղաքական դաշինքը՝ լրացուցիչ անվտանգության գործոն է:

Վահրամ Բագրատյան