Փորձելու եմ ամեն ձև պաշտպանել նրանց շահերը․ ՔՊ-ական ռեստորանատիրոջ առաջին այցը՝ ԱԺ

յսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհդրարանում աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Երևանը և կոռուպցիան» խորագրով։ 

Քննարկմանը հրավիրվել էին ինչպես փորձագետներ և ընդդիմադիր հայացքներով գործիչներ, այնպես էլ իրավապահ մարմինների ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Բայց, ինչպես և սպասելի էր, ներկայացել էին հիմնականում քաղաքային իշխանությանը քննադատող դեմքեր, օրինակ՝ բլոգեր Արթուր Չախոյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլք։ Ներկաների թվում, սակայն, նաև մեկ ՔՊ-ական կար՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը, որին գովեցին անգամ ընդդիմադիրները, որ նրա հետ շատ կառուցողական են աշխատում, և նա պատրաստակամ է ցանկացած հարց բարձրացնել քաղաքային իշխանությունների մոտ։ 

Կիմա Աբրահամյանը գործարար է, «Ապերիտիվո» ռեստորանի հիմնադիրն է, ու քաղաքականության մեջ նոր է, ավելին՝ Ազգային ժողովում էլ առաջին անգամ էր, և չթաքցրեց իր զարմանքն ու հիացմունքը, թե ինչ լավ վայրում են աշխատում իրեն ԱԺ հրավիրած Թագուհի Թովմասյանն ու մյուսները։ Ելույթ ունեցողներից ամենավերջինը հենց ինքն էր, որին սուր հարցեր չտվեցին, ինքն էլ ընդամենը քաղաքավարի ժպտալով՝ նշեց, որ թեև այս պահին շատ հարցերի չի կարող պատասխանել, բայց ինչ հարցով, որ դիմեն, ինքը միշտ պատրաստ է, որ միասին նստեն, քննարկեն ու լուծումներ գտնեն։ Ու քանի որ այդքան գովեցին Կիմա Աբրահամյանին, ինքն էլ ասաց՝ պատրաստակամ է ցանկացած հարց բարձրացնել, ինքն էլ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչ է, Mediahub-ը որոշեց նրան հիշեցնել ռեստորանատերերին տանջող մի խնդրի մասին և լսել նրա դիրքորոշումը՝ որպես իշխանական խմբակցության ռեստորանատեր անդամ։ Խոսքը սրճարանների, ռեստորանների համար նախատեսված տեղական տուրքերը մի քանի անգամ բարձրացնելու մասին է։ 

Օրինակ՝ այս տարվա հունվարի 1-ից չորս անգամ ավելացրել են գիշերը ժամը 24։00-ից հետո աշխատելու տուրքը, և եթե նախկինում այն տարեկան 250 հազար դրամ էր, ապա հիմա դարձրել են 1 միլիոն դրամ։ Նույն կերպ սրճարանների բացօթյա առևտրի գումարն են ավելացրել։ 

Կիմա Աբրահամյանը, սակայն, պատրաստ չէր խոսել այս թեմայից, միայն ասաց, որ իրենք այդ հարցը վաղը ավագանու նիստում քննարկելու են։

«Ես, ամեն դեպքում, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչ եմ, ու փորձելու եմ ամեն ձև շահերը պաշտպանել այդ ներկայացուցիչների»,- ասաց Կիմա Աբրահամյանը:

Նա նաև նշեց, որ ռեստորանատերերի հետ հանդիպումներ իրականացնում են ու քննարկում են խնդիրները, իսկ ինքն էլ կողմ է բոլոր տեսակի հարկերը վճարելուն։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան