«Ոստիկանը մերն է» գոռացող Փաշինյանը ստեղծեց իրավապահ այնպիսի համակարգ, որ ոստիկանը դարձավ իրոք իրենը

«Ոստիկանը մերն է» գոռացող Փաշինյանը ստեղծեց իրավապահ այնպիսի համակարգ, որ ոստիկանը դարձավ իրոք իրենը

Վանաձորում ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի դեպքը խոսում է ոչ միայն համակարգային, այլև այն խորը քաղաքական ճգնաժամի մասին, որն առկա է Հայաստանում։

Այս դեպքը ո'չ մասնավոր է, ո'չ էլ պայմանավորված միայն Վանաձորի ոստիկանների գործողություններով։ Իրավապահ համակարգի այս կատարյալ այլասերումը հետապնդում է քաղաքական հստակ նպատակ։ 2018 թվականին ի թիվս այլ կարգախոսների, «ոստիկանը մերն է» գոռացող Փաշինյանը ստեղծեց իրավապահ այնպիսի համակարգ, որ ոստիկանը դարձավ իրոք իրենը։ 

Ոստիկանների կողմից մարդկանց խոշտանգելը, ամեն առիթով ոստիկանական բաժիններ տեղափոխելիս ասֆալտին փռելն ու նկարելը, կալանքի համատարած վճիռները ունեն հստակ մի նպատակ՝ համատարած վախ սփռել հանրության շրջանում։

Ոստիկանական բարեփոխումներ անվան տակ ամիսներ շարունակ ցանկացողներին համակարգ հրավիրող գովազդները, գրեթե List-ով հայտարարությունները, որ չի պահանջվում ոչ կրթություն, ոչ բարեվարքություն, ոչինչ, բացի ցանկությունից, Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունը վերադարձրեց խորհրդային ժամանակներ, երբ ծեծը, խոշտանգումը, գործ սարքելը, կտտանքներով ցուցմունք կորզելը այնպիսի սովորական բան էր, որ երբ այն տարիներին երիտասարդները ամենատարբեր չնչին պատճառներով հայտնվում էին «քաղմասում», դուրս գալուց հետո հպարտությամբ պատմում էին, թե ով ինչքան շատ է ծեծ կերել, բայց չի կոտրվել։

Սովետական միլիցիայից Հայաստանի Հանրապետության այսօրվա ոստիկանությունը տարբերվում է միայն նրանով, որ այն տարիներին «քաղմաս» էին տանում գրպանը պլան գցելով, հիմա ապօրինի զենք կրելու «կասկածանքով»։

Բնականաբար, ոստիկանությունում ինտելեկտի խիստ պակասն ու արհեստավարժության բացակայությունը, գումարած իր իրական կոչմանը չծառայելն իր հերթին նպաստելու է քրեական ենթամշակույթի առավել բարգավաճմանը, որը հավելյալ գործիք է բոլոր ժամանակների իշխանությունների համար դեռևս ցարական Ռուսաստանից։
Ու այս ընթացքը պատահականություն չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ այլ հենարան, քան ոստիկանն ու մահակը, և որքան անգրագետ ու անկիրթ, այդքան հրամանները հլու հնազանդ կատարող։

Ոստիկանն այսօր քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մաս է, որի հիմնական գործառույթն է ցույցը ցրելուց, մարդկանց խոշտանգելուց սկսած, վերջացրած ընդդիմադիր պատգամավորներին Ազգային դահլիճից, իսկ լրագրողներին ԱԺ օթյակից ուժով դուրս հանելը։

Հետևաբար խիստ օրինաչափ է, որ ամբողջ իրավապահ համակարգը Փաշինյանի թիկնապահ բանակի վերածած պետությունում ավելանում են հանցագործության բոլոր տեսակների ցուցանիշները, որոնց մասին դեռևս անցյալ տարի Ազգային ժողովի ամբիոնից կառավարության հաշվետվության ժամանակ հայտարարեց ՆԳ արդեն նախկին նախարար Վահե Ղազարյանը։

Կարեն Կարապետյան