ԱՆԻՖ-ը պետք է փակվի, գործունեությունը դադարեցվի, մեր խնդիրը հնարավորինս փոքր վնասներով դա անելն է․ Առնակ Ավետիսյան

Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց վերջնականապես փակել Պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, որի խորհրդի նախագահը ժամանակին Տիգրան Ավինյանն էր, և որում ՊՎԾ-ն հսկայական չարաշահումներ էր հայտնաբերել, Քննչական կոմիտեում էլ այս պահին վարույթ կա քննվող։
Այդ օրվա գործադիրի նիստում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին: Նպատակը մեկն է՝ որպեսզի Պետգույքի կառավարման կոմիտեն հետագայում ԱՆԻֆ-ը լուծարի։ Ցանկալի է՝ բարեհաջող կերպով։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի ստեղծման որոշումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կայացրել էր 2019-ի ապրիլին, իսկ ՓԲԸ-ն պետական գրանցում էր ստացել նույն տարվա մայիսին:
2019-2021 թթ. ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնվել էր Էկոնոմիկայի նախարարությանը, 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց կառավարության աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, և ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ԱՆԻՖ-ի լիազորությունների փոխանցումը Պետգույքի կառավարման կոմիտեին ենթադրում է, որ որպես լիազոր մարմին իրենք են այսուհետ հանդես գալու, այսինքն՝ բաժնետիրական ընկերության դեպքում ժողովի լիազորությոնները իրականացնելու է Պետգույքի կառավարման կոմիտեն։
«Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՆԻֆ-ին, ԱՆԻՖ-ը պետք է փակվի, գործունեությունը դադարեցվի՝ համաձայն այդ որոշման հիմնավորումներում նշված հիմքերի։ Հիմա մեր խնդիրը պետության համար հնարավորինս փոքր կորուստներով և փոքր վնասներով իր գործունեությունը դադարեցնելուն ուղղված քայլերն են։ Այսինքն՝ մեզ փոխանցելու նպատակն ԱՆԻՖ-ի անվնաս և անցնցում փակումը ապահովելն է»,- ասաց Առնակ Ավետիսյանը։
-Իսկ ինչո՞վ է հիմնավորվում ԱՆԻՖ-ի փակումը, որովհետև դրա բացման օգտակարությունը ժամանակին ինչ-որ կերպ հիմնավորվել է, չէ՞, որ բացվել է։
-Այո, բայց այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, որովհետև ԱՆԻՖ-ը մեր լիազորության տիրույթում չի գործել, և այդ որոշման նախագիծը՝ փոխանցել մեզ, նախաձեռնվել է էկոնոմիկայի նախարարության կողմից։ Այսինքն՝ դրա հիմնավորումը, թե ինչ նպատակ ունի, դա իրենք, ինձ թվում է, ավելի մանրամասն կկարողանան տալ։ Մեր ֆունկցիան էս պարագայում հետևյալն է՝ իրականացնել դրա գործունեության դադարեցման գործողությունները։
-Իսկ ի՞նչ եք արել ձեզ հանձնվելուց ի վեր այս մեկուկես ամսվա ընթացքում, ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ եք փակման ուղղությամբ կամ ե՞րբ եք նախատեսում վերջնականապես փակել կամ լուծարել։
-Կոնկրետ քայլեր, աշխատանքային պրոցեսներ են ընթանում, ԱՆԻՖ-ի պարտավորություններին ենք ծանոթանում, ակտիվներին ենք ծանոթանում, ընթացիկ գործերին և այլն, կոնկրետ գործողություններ առաջիկայում կլինեն, ու կտեսնեք հրապարակային։
-Իսկ դա բա՞րդ պրոցես է, որ հատուկ հանձնվել է Պետգույքի կառավարման կոմիտեին, որ դուք կազմակերպեք այդ ընկերության լուծարումը։
-Այո, բավականին, որովհետև ինքը բավականին բարդ կառուցվածք ունի, բավականաչափ ակտիվներ ունի, նաև պարտավորություններ, և այդ պրոցեսը պետք է կառավարել այնպես, որ ակտիվների կորուստներ չունենանք։
-Իսկ այդ ակտիվները բորսայում ցուցակվա՞ծ ակտիվներ են։
-Չէ, բորսայում ցուցակված բաժնեմասեր չկան։
-Ի դեպ, քրեական գործ կա հարուցված ԱՆԻՖ-ի մասով, դա որևէ կերպ կարո՞ղ է ազդել ընկերության փակման գործընթացի վրա։
-Դրանից դեռևս տեղեկություն չունեմ, անկեղծ ասած, թե ինչ փուլում է, ինչ ընթացքում է, ես էլ գիտեմ, լսել եմ, որ քրեական գործ կա, բայց դեռ որևէ կերպ չենք առնչվել։
-Իսկ գնահատե՞լ եք, թե ինչ արժեքի են այդ ակտիվները։
-Չէ, իրենք հաշվեկշռում որոշակի արժեքով արտացոլված են, վերագնահատումներ տեղի չեն ունեցել։
Վահե Մակարյան