Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկվել է ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկվել է ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով։ Այդ մասին հայտնում է Փաստինֆոն։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման առաջարկով հանդես եկել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, որը ոգեւորվելով ՀՀ ԱԺ քպական պատգամավորների ելույթներից, նշել է, թե հայերն արդեն խոստովանում են, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանը չի կարող զարգանալ, և Ադրբեջանը պետք է օգտվի դրանից։
«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ միասին գործում ենք 5 հարթակներում. ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։