Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար, Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար, Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Թեեւ ՀՀ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել են տարատեսակ քրեական գործեր, սակայն դրանք չեն հաստատվում։

Մասնավորապես, 2021թ. «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ-ի տնօրենը Բաղմանյան եղբայրների դեմ հաղորդում տվեց ունեզրկման, մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով։ Տարիներ անց սույն հաղորդումը չհաստատվեց, օրերս էլ պարզ դարձավ, որ ՍՊԸ տնօրենը բանկերին պարտք է աստղաբաշխական գումարներ։

Հավանաբար, հեղափոխությունից հետո հարմար առիթ էր նախկինների մեջ մեղավոր փնտրել եւ պարտքերը «գրել» նրա վրա։ Իրականում նա պարտքեր է կուտակել, եւ չի բացառվում՝ դրա պատճառով է ողջ պրոցեսը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ եւ ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար: Նախ Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն առանձնացրեց ԱԱԾ-ից ու դարձրեց իրեն ենթարկվող կառույց: Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր կազմել, եւ այս նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա այդ գործառույթը լիազորել վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նախագծում այսպիսի հիմնավորում է ներկայացվել․ «Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:

Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում՝ այդ բացերը լրացնելու համար, եւ շարունակաբար կատարելագործում է, թե՛ Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները:

Ծառայության շարունակական կատարելագործման եւ թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը»։

«Իրավունք» թերթը գրում է. 

«Պարզվում է, արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին։ 

Վերջինս կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ ու հրահանգել, որ ամեն գնով, համոզելով լինի, թե ոնց, փակի արցախցիների բերանը։

Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում՝ կշահեն»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ եւ փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք:

Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի: Ոսկեպարցիներից մեկը երեկ մեզ ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին եւ եթե նախորդ անգամ թույլ չեն տվել, որ բոլոր ցանկացողները մասնակցեն հանդիպմանն ու իրեն ուղղված հայհոյանքներն ուղիղ իր երեսին ասեն, այս անգամ ոչ ոք չի կարողանալու իրենց դեմն առնել։

Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել էր։ Նազելի Բաղդասարյանը, իր բնույթին համապատասխան, չպատասխանեց մեր զանգերին։ Եվ չնայած տավուշցիներին խոստացել է, որ գալու է ու լսի ժողովրդի կարծիքը, սակայն վարչախումբն անթաքույց ռեպրեսիաներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Տավուշից հող հանձնելու հետ կապված դիմադրության օջախներ ձեւավորել։