Պի՞նդ են ընդդիմության շարքերը 

Պի՞նդ են ընդդիմության շարքերը 

Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ հրապարակված արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցնող էին իշխանության համար, ակնհայտ էր մեկ այլ իրողություն՝ անցողիկության շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր ուժերը շատ տարբեր էին իրենց օրակարգերով, արժեքային համակարգով: 

Մի խոսքով, չնայած թվային գերակշռությանը՝ ընդդիմադիր խմբակցությունները հազիվ թե կարողանային կոնսենսուսի գալ քաղաքապետի միասնական թեկնածուի հարցում:

Սկզբում Հայկ Մարությանը չհամաձայնեց կոալիցիոն փաստաթղթի ստորագրմանը ու ամբողջական իշխանափոխության օրակարգին, հետո՝ լարվեցին Անդրանիկ Թևանյանի ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունները, վերջում էլ պարզվեց՝ ընդդիմության մեծամասնությունը, նույնիսկ կոնսոլիդացիայի պարագայում, այնքան էլ մեծամասնություն չեն, որովհետև «Հանրային ձայնի» առաջին երկու համարները՝ կալանավորված ու հետախուզման մեջ լինելու հանգամանքով պայմանավորված, չեն կարող մասնակցել ավագանու առաջին նիստին:

Ստեղծված նոր իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնել, այլ խոսքով՝ բոյկոտել Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստը: 

«Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դրա համար մենք պետք է ներկա չգտնվենք հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու առաջին նիստին»,- ասում է Հայկ Մարությանը՝ երկրորդելով «Մայր Հայաստան» դաշինքին:

Վարդան Ղուկասյանը սկզբունքորեն դեմ չէ բոյկոտին, բայց ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում:

Արդյո՞ք ընդդիմությանը կհաջողվի կոնսոլիդացված բոյկոտել Երևանի ավագանու անդրանիկ նիստը ու հասնել արտահերթ ընտրությունների, թե՞ իշխանությունը ընդդիմության շարքերում կգտնի մեկ դասալիք՝ նիստը կայացնելու և յուրային քաղաքապետ կարգելու նպատակով:

Վահրամ Բագրատյան