«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի եւ Մաշտոցի մասին տեղեկությունները:
Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է եւ պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզաբանում ստանալու, սակայն այնտեղից նախընտրեցին երկար մտածել, գրավոր պատասխանել պաշտոնական հարցմանը: Իհարկե, ստանալուն պես կհրապարակենք։ Բայց քանի որ աղմուկը շատ մեծ էր, գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված եղավ խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, եւ, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…
Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ եւս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման եւ Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրեց Բալայանը։
Ասել է թե՝ Մեսրոպ Մաշտոցը այբբենարանի սրտում է, այլ ոչ թերթերում:
Դասագիրքը լցված է QR-ներով, իսկ դպրոցներում հեռախոսով դաս անելը կարծես թե դառնում է սովորություն, ինչը, ըստ բժիշկների, խիստ վտանգավոր է երեխաների տեսողության համար։
Ստացվում է, որ նախարարությունը եւ Ժաննա Անդրեասյանը կորցրել են մայրենի լեզվի եւ հայոց պատմություն տանող ուղու քարտեզը։ Խճճվել հայկական իրենց հնարած իրականության մեջ, որտեղ «Տիկտոկ»-ն ու «Ինստագրամ»-ն են դոմինանտ, սրբազան ու կարեւոր: Մնացածը լիրիկա են»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Անցած շաբաթ՝ օգոստոսի 26-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:
Հյուրերը զարմացել են հատկապես Փաշինյանի ներկայությունից: Բանն այն է, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ընտրությունների օրը ոչ սթափ վիճակում դրսեւորած վարքի պատճառով վայր դրեց մանդատը, եւ կային տեղեկություններ, որ կուսակցական վերնախավից են նրան հորդորել վայր դնել:
Բացի այդ, ՔՊ-ում խոսում են, որ վերջին ժամանակները Փաշինյանն այնքան էլ լավ չէր տրամադրված նրա հանդեպ:
Իշխանափոխության եւ դրանից հետո առաջին շրջանի պես իր հավատարիմ զինակիցը չի համարել: Իսկ թե ինչով է պայմանավորված Վիլենի նկատմամբ վերաբերմունքի շրջադարձը, թիմում ասում են, որ Փաշինյանը հասկանում է` կորցնում է իր զինակիցներին, ՔՊ հին կազմից մարդ չի մնացել իր կողքին, ով էլ մնացել է` մեծ դժգոհություններ ունեն իրենից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում թիկունքից հարված են հասցնելու:
Հավատարիմներ չկան, իր դեմ ծածուկ խմբավորումներ են ձեւավորվել։
Իսկ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ վարչության անդամության հայտ է ներկայացրել, կնշանակի` դեռ չի հեռանում, ուստի պետք է նրան պահել: Նրա ծնունդին մասնակցելը նաեւ մեսիջ է ՔՊ համագումարի պատվիրակներին, որ Գաբրիելյանին պետք է ընտրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ 10:30-ին մեկնարկած ու 18:00-ին ավարտված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի ավարտին պարզվեց՝ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը:
Հիմա ամեն ինչ՝ հերթով:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ներկա է գտնվել մրցույթի ողջ ընթացքին, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության շենքում՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի հարակից սենյակում: Իսկ դիտորդները, որոնք պետք է հետևեին մրցույթի ընթացքին, այն «դիտում էին հեռուստացույցով»՝ հնարավորություն չունենալով կատարել իրենց վերահսկողական գործառույթները:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցում էին ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, և Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, սկանդալային անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանը. «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը որոշեց հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածուն։
Շարունակելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի թեման՝ տեղեկացնենք, որ գրավոր մրցույթի ժամանակ երկու թեկնածուներն էլ 100 միավոր հավաքեցին, այնուհետև անցան բանավոր քննության: Հանձնաժողովի անդամների հարցերին, որի ղեկավարը Անահիտ Ավանեսյանն էր, պատասխանեց Նարեկ Զեյնալյանը: Երկու ժամ նրան հարցաքննեցին, գնահատեցին՝ հորդորելով սպասել:
Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, «գերազանցիկի» պես բոլոր հարցերին անգիր արած պատախանում էր: Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք էլ կա. «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ արդեն մի քանի տնօրենների մրցույթներին ներկա է լինում Վանեսյանի ղեկավարած ՀԿ-ի ներկայացուցիչը, որը բոլոր հարցերը գրում է, նկարում գաղտնի, ու հստակ է, որ նախապես դրանք ներկայացվել էին Վանեսյանին, ով պատրաստված եկել, արագ-արագ պատասխանում էր հանձնաժողովի անդամների հարցերին:
Թեպետ կարծես դա էլ «չփրկեց» Վանեսյանին, քանի որ Ավանեսյանը չցանկացավ Փաշինյանի հետ «հակառակվել», «չընտրել» փաստացի նրա կողմից տնօրենի ԺՊ նշանակված Զեյնալյանին:
Բայց նաև նախկին ու ներկա նախարարների նախընտրելի թեկնածու Վանեսյանը չընտրվեց:
Մրցույթի ավարտին Ավանեսյանը հայտարարեց, որ որևէ թեկնածու 90 տոկոս անցողիկ շեմը չի հաղթահարել. Զեյնալյանը հացաքել է 89%, Վանեսյանը՝ 84%: Ուստի առաջիկայում նորից տնօրենի մրցույթ են հայտարարելու:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումներից հստակ էր մի բան, որ Անահիտ Ավանեսյանը որևէ ձևով չէր ցանկանում Զեյնալյանին տնօրեն նշանակել, քանի որ անգամ բժշկական կենտրոնում գիտեն, որ նախարարը «թարսված» է Զեյնալյանի հետ, ինչն անկնհայտ երևացել է, երբ տիկին նախարարը այցելել է բժշկական կենտրոն:
Կարճ ասած՝ նախարար Ավանեսյանն այլևս չի «ենթարկվում» Փաշինյանի որոշումներին՝ համարձակվելով նրա կողմից քաղաքական որոշման արդյունքում ԺՊ նշանակված Զեյնալյանին «կտրել քննությունից»»։