Ոչ թե «իմ օգնականն էլ ամուսնացավ», այլ ձեր խմբակցության անդամը՝ քո օգնականի հետ (լուսանկար)

Երկու օր առաջ Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքը։ Նա ամուսնացավ Ռոման Տերտերյանի հետ, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի օգնականն է, իսկ մինչ այդ Մաթևոս Ասատրյանի օգնականն էր, և նրա անժամանակ մահվանից հետո տեղափոխվեց Սանդիկովի մոտ։ Նշենք, որ Մարիամն էլ մինչ պատգամավոր դառնալը Լիլիթ Մակունցի օգնականն էր։
Հարսանիքին ներկա էին բազմաթիվ ՔՊ-ականներ, որոնք իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել նորապսակների հետ և մաղթանքներ հղել նրանց։ Մեր ուշադրությունը գրավեց հատկապես հենց փեսայի ղեկավարի՝ ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի գրառումը։ Նա լուսանկար է հրապարակել Մարիամի և Ռոմանի հետ և դրան կից այսպիսի գրառում արել․ «Իմ և Մաթևոս Ասատրյանի օգնականն էլ ամուսնացավ: Երջանկություն նորապսակներին»։
Մենք էլ ենք, իհարկե, երջանկություն մաղթում նորապսակներին, թող երջանիկ լինեն իրենց «կառուցած» երկրում։
Բայց ի՞նչ է նշանակում՝ «իմ օգնականն էլ ամուսնացավ»։ Սա ՔՊ-ական պատգամավորի կողմից առնվազն անտակտություն է և էթիկայի կոպիտ խախտում նույն խմբակցության իր գործընկերոջ նկատմամբ։ Ի՞նչ է ուզում հասկացնել դրանով Ալեքսեյ Սանդիկովը՝ շեշտելով, որ ամուսնանում է ոչ թե իր գործընկեր պատգամավորը, այլ իր օգնականը։ Իսկ միայն իր օգնակա՞նն է ամուսնացողը, թե՞ նաև իր ֆրակցիայի անդամ պատգամավորը։ Գուցե դրանով ուզում է ասել, թե ինքը այնքան կա, որ արդեն օգնակա՞ն ունի, և դրա՞ համար է հատուկ շեշտում այդ հանգամանքը։ Այսինքն՝ պատգամավորը հեչ, ավելի կարևոր էր օգնակա՞նը, այն էլ՝ ի՛ր օգնականը։ Սա ոչ այլ ինչ է, քան աննրբանկատություն իր գործընկերոջ նկատմամբ և «նիկոլիզմի» դասական դրսևորում։
Վահե Մակարյան