Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկել են ԵՄ-ին գազի մատակարարումների վերսկսման հարցը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել Վաշինգտոնը Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հարցում, գրել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ աղբյուրների։
Գործակալության աղբյուրներն ասել են, որ կողմերը քննարկել են ամերիկացի ներդրողների կողմից «Հյուսիսային հոսք» նախագծում կամ Ուկրաինայով անցնող խողովակաշարում, կամ «Գազպրոմում» բաժնեմասեր ձեռք բերելու հնարավորությունը։
Reuters-ի տվյալներով՝ ամերիկյան ընկերությունները կարող են հանդես գալ որպես գնորդներ՝ գնելով ռուսական գազ և այն ուղարկելով Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա։
Ռուսաստանի՝ որպես ԵՄ գազի մատակարարի վերականգնումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը, մինչդեռ ԱՄՆ-ի միջամտությունը կարող է օգնել հաղթահարել որոշ եվրոպական երկրների դիմադրությունը։
Գործակալության մի քանի զրուցակիցներ նշել են, որ Միացյալ Նահանգների համար այս սցենարը շահավետ կլինի։
Ինչպես հաղորդել է Reuters-ը, այս հարցը քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը և Ռուսաստանի նախագահի ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ Ուիթկոֆֆի թիմը հրաժարվել է մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը, իսկ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարել է. «Նման քննարկումներ ներկայումս չեն ընթանում»։
ԵՄ ղեկավարությունը շեշտել է, որ չի ցանկանում վերսկսել Ռուսաստանից գազի մատակարարումները։ «Ոմանք դեռ ասում են, որ մենք պետք է կրկին բացենք ռուսական գազի և նավթի ծորակը։ Սա պատմական մասշտաբների սխալ կլինի, և մենք երբեք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - մայիսի 7-ին ասել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։