Այսօրվա իշխանությունները պատրաստ են ղեկավարել «երևանյան հանրապետությունը»․ Մաթևոսյան

Արդյո՞ք Սյունիքը վտանգի մեջ է, թե՞ ամբողջ Հայաստանն է վտանգի առաջ հայտնվել։ Ի՞նչ է կատարվում ընդդիմության ներսում և ինչին է պատրաստ Նիկոլ Փաշինյանը․ այս ամենի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։
«Ոչ միայն Սյունիքն է վտանգի տակ, այլ նաև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում ինչ-որ մարազմատիկ մոտեցում կա, որ ռազմական նոր գործողությունները սահմանափակվելու են Սյունիքով կամ Գեղարքունիքով և դա սարսափելի միամտություն է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Մաթևոսյանի, Փաշինյանը բառից բուն իմաստով կրկնում է այն, ինչ Երկրորդ համաշխարհային պատմությունից առաջ արել էր Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը, երբ Հիտլերի հետ համապատասխան փաստաթուղթ ստորագրելուց հետո եկել էր և թափահարում էր այդ փաստաթղթով, որ խաղաղություն է բերել, բայց շատ կարճ ժամանակ հետո աղետալի պատերազմ սկսվեց։ Այս մարդը նույնն է անում, ասում է Մաթևոսյանը, խնդիրը Սյունիքը չէ, խնդիրը Հայաստանի կարգավիճակն է։
«Մենք Էրդողանից իմացանք, որ Փաշինյանը մտահոգված էր Արցախում տեղի ունեցած ընտրություններով։ Այս մարդիկ ընդհանուր Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ են գործընթացներ կատարում, իշխանություններն ասում են, որ իրենց համար Սյունիքն է կարմիր գիծ։ Բայց Սյունիքի բնակիչները թող հիշեն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Սև լճում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ»,- ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի, այսօրվա իշխանությունները պատրաստ են ղեկավարել «երևանյան հանրապետությունը», իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կործանման խնդիրն է լուծում այս պահին։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Բենիամին Մաթևոսյանը նշեց.
«Ով քննադատում է ընդդիմության հանրահավաքները, թող պատրաստ լինեն թուրքական և ադրբեջանական զորքերին դիմավորելուն։ Այս հանրահավաքները միջոցներից մեկն է, որը պետք է նպաստի Հայաստանում քաղաքական փոփոխություններին։ Քննադատություններն առողջ չեն, այլ չարախնդություն է։ Իսկ ընդդիմության ներսում միասնական մոտեցում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհների մասով։ Իսկ ես գիտեմ, որ դրա վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում»:
Ըստ Մաթևոսյանի, ժողովուրդն է իշխանության աղբյուրը։ Ժողովրդին պետք է միասնականությամբ ցույց տալ, որ, մի կողմ դնելով կուսակցական դրոշները, հասկանալով խնդրի էությունը՝ մարդիկ պատրաստ են պայքարելու։
«Բայց նույնիսկ ընդդիմությունը ներսում միմյանց աջակցելու փոխարեն չարախդություն է տիրում։ Եթե դուք չգիտեք ոնց է լինում ցեղասպանությունը, ապա օնլայն ռեժիմով կարող եք հետևել։ Իրավիճակը հենց այսպիսին է լինելու, քանի որ ժողովուրդը տեսնում է՝ ինչ է կատարվում ընդդիմության շարքերում և դրա համար չկա համարժեք աջակցություն»,- եզրափակեց Մաթևոսյանը։
Մարիաննա Արամյան