Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ, Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից. Մամուլը՝ սուրճով

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ, Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպում ունենալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում մի քանի անգամ հետաձգված ու այդպես էլ անորոշ մնացած «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու:
Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկից, բայց այդպես էլ մնաց օդում առկախ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:
Այսօր ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա ձախողած նախագիծը:
Ակնհայտ է, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հատկապես Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում:»

 

«Հրապարակը» գրում է․ ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։ Թեեւ քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։

Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․ «Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետեւաբար, հետեւանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ եւ նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը:

Չքվեարկելը եւ նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանեւրելու»։ Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով։