Ադրբեջանի կառավարության հետ կազմակերպությունը երկխոսության մեջ է․ Ամատունին՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակը փակելու մասին

Ադրբեջանական մամուլում մտահոգիչ տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը իրենց երկրում։ Իսկ դա նշանակում է, որ վերջնականապես կկորի կապը Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդների հետ։
MediaHub-ը հետաքրքրվեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ամատունուց, թե ի՞նչ կարող է ասել այս տեղեկությունների վերաբերյալ, և ի՞նչ է սպասվում փակվելու դեպքում մեր գերիներին։
«Ձեր հարցի առաջին մասի վերաբերյալ կարող եմ հաստատել, որ տեղեկացվել է մեր կազմակերպությունը Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին, որ ուզում են ԿԽՄԿ գրասենյակը Բաքվում փակել։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին և այլ կարգավորումներին՝ կապված մեր մարդասիրական գործունեության հետ, կարող եմ միայն ասել, որ Ադրբեջանի կառավարության հետ կազմակերպությունը երկխոսության մեջ է, սակայն բոլոր մանրամասները գտնվում են այս պահին մեր և նրանց կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում»,- ասաց տիկին Ամատունին:
Նա, բնականաբար, մտահոգիչ համարեց այդ փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել ԿԽՄԿ գրասենյակը Բաքվում, քանի որ 33 տարի անընդմեջ կազմակերպությունը գործունեություն է ծավալում այս տարածաշրջանում։ Իսկ փակվելու պարագայում ի՞նչ այլ տարբերակով է հնարավոր կապ պահել Բաքվում պահվող մեր գերիների հետ, Ամատունին դժվարացավ ասել։
Նա այլ մանրամասներ չհայտնեց, թե ինչ են քննարկում Ադրբեջանի կառավարության հետ, չնշեց նաև, թե արդյոք Ադրբեջանը, առհասարակ, պատասխանո՞ւմ է իրենց նամակներին, թե՞ անպատասխան է թողել։
Մեր այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Զառա Ամատունին ասաց, որ դրանք կոնֆիդենցիալ տեղեկություններ են, որոնք ինքը չի կարող տրամադրել։
Վահե Մակարյան