Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը:
«Շարմ հոլդինգ»-ը հայտնում է, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 17:30-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հիշեցնենք, որ մայիսի 17–ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15–ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: