Փոքրիկ ավիամոդելիստների վաստակաշատ ուսուցիչը

Փոքրիկ ավիամոդելիստների վաստակաշատ ուսուցիչը

Վերջերս մասնակից դարձանք Աջափնյակ վարչական շրջանի մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության Կենտրոն ՀՈԱԿ-ում տեղի ունեցած միջոցառմանը։ Արդեն տարիներ շարունակ իր ավանդույթներ ունեցող Կենտրոնը, որտեղ գործում են բազմաթիվ խմբակներ՝ մակրամե, ասեղնագործություն և ուլունքագործություն, նկարչություն, ավիամոդելավորում և այլն, հերթական անգամ զարմացրեց իր հյուրերին՝ ներկայացնելով տաղանդավոր երեխաների աշխատանքներն ու հմտությունները։

Ուշագրավն այն էր, երբ մենք Կենտրոնի ցուցասրահում տեսանք պատանի ավիամոդելավորողների հետաքրքիր աշխատանքները՝ իրենց ձեռքով պատրաստած ինքնաթիռների փոքրիկ մոդելները, որոնք գործարկվում և զարմացնում են իրենց տեխնիկական կարողություններով։ Մենք ականատես եղանք խմբակում տիրող այնպիսի մթնոլորտին, որը, անշուշտ, հիացմունք առաջացրեց հենց առաջին իսկ հայացքից։ Այս խմբակը, որը ղեկավարում են Արծվի Աշոտյանը և Յուրիկ Հովհաննիսյանը, վերջերս մասնակցել է «Դպրոցական ավիամոդելիստների հանրապետական մրցույթին» ինչպես սենյակային գեր թեթև մոդելների գծով, այնպես էլ կորտային մոդելների գծով։

Խմբակի սաները զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները։

1974 թվականից մինչ օրս իր ազգանվեր գործը շարունակելով այս Կենտրոնում, խմբավար Արծվի Աշոտյանը կրթել և ուսուցանել է շատ սերունդներ։ Նրա սաներից շատերը դարձել են օդաչուներ,ավիամոդելավորողներ և իրենց գործի մեծ վարպետներ։ Այնպես որ, Արծվի Աշոտյանին մաղթում ենք ստեղծագործական երկար տարիների գործունեություն ու նորանոր սերունդներ կրթելու անսպառ եռանդ։