Ես՝ որպես պայքարը շարունակող մարդ, առաջիկայում կներկայացնեմ այն ծրագրերը, որ անելու ենք․ Վանեցյան

Ես՝ որպես պայքարը շարունակող մարդ, առաջիկայում կներկայացնեմ այն ծրագրերը, որ անելու ենք․ Վանեցյան

Ես շարունակելու եմ պայքարը և քանի դեռ նպատակներիս չեմ հասել, չեմ դադարեցնելու այն։ Այդ մասին երեկ Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ կլինի Ազատության հրապարակում, որևէ գյուղում կամ քաղաքում, էական չէ, ինքը պայքարելու է հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության։

«Հավատացեք, կլինի մի օրից, տասը օրեից, թե մեկ ամսից, մեր նպատակին հասնելու ենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով դիմադրության շարժմանը՝ Արթուր Վանեցյանը նկատեց՝ այնտեղ առաջնորդներ չկան, այնտեղ չկան կուսակցական դրոշներ։

«Երբ մենք մայիսի մեկին միավորվեցինք Ֆրանսիայի հրապարակում, թե՛ ես, թե՛ Իշխան Սաղաթելյանը, ասել ենք, որ այստեղ չկան առաջնորդներ, սա ազգային պայքար է, և մենք բոլորս պայքարելու ենք մի նպատակի համար»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այս փուլում ինչ հնարավոր է, արվել է, և թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ ինքը, ունեցել են իրենց լուման այդ ամենում։

«Հիմա վերակազմակերպվում է դիմադրության շարժումը, «Հայրենիք» կուսակցությունը ևս հայտարարում է, որ իր հետագա անելիքների մասին հանրության հետ պետք է խոսի։ Հիմա ես՝ որպես պայքարը շարունակող մարդ, առաջիկայում կներկայացնեմ այն ծրագրերը, որ անելու ենք»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ մարդիկ ունեն շատ հարցեր, որոնց պատասխանները հենց իրենցից են ակնկալում։

«Մենք, ամենակարևորը, պետք է ազնիվ լինենք, լսենք մարդկանց։ Այս իշխանության աջակիցների թիվը պակասել է, բայց չի ավելացել ընդդիմության աջակիցների թիվը։ Կա քաղաքացիների մեծ զանգված, որն ասում է՝ իշխանությունը վատն է, ընդդիմությունից էլ գլուխ չենք հանում»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ պետք է մարդկանց բացատրել, թե ինչ ծրագրեր կան։