Ի՞նչ են քննարկել թիմակիցները Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դռնփակ նիստում. մանրամասներ

Ի՞նչ են քննարկել թիմակիցները Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դռնփակ նիստում. մանրամասներ

ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը հունվարի 8-ին արտագնա նիստ էր անցկացրել, որին մասնակցել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ArmLur.am-ին խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ արտագնա նիստի ժամանակ քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել ենք ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին:

Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, որ այդ հանդիպման ժամանակ « Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»։

ArmLur.am-ը արդեն կապ հաստատել է խմբակցության մի քանի պատգամավորների հետ, ովքեր հերքել են այս տեղեկությունը:

ArmLur.am-ը շարունակում է կապ հաստատել նաև խմբակցության մյուս պատգամավորների հետ. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ այդպիսի բան չկա.

«Ընդհակառակը, մենք խոսել ենք բոլոր ուղղություններով մեր գործունեության ակտիվացման մասին՝ և՛ ԱԺ-ում, և՛ արտախորհդարանական գործունեության մասով: Նման բան չկա, վերջին հանդիպման ժամանակ նման խոսակցություն չի եղել»,-ասաց Օհանյանը:

Խմբակցության մյուս պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց, որ մեկնաբանություն չունի այս մասին:
Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանն էլ նշեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ուստի չեն ցանկանում մեկնաբանել: Թադևոս Ավետիսյանը մեր հարցին ի պատասխան ասաց.

«Չկա նման բան, ընդհակառակը, ակտիվ քննարկել ենք մեր հետագա անելիքները, բոլոր պատգամավորներն իրենց տեսակետն են հայտնել, իսկ պասիվանալու մասին խոսք չի եղել»: