Պապիկյանը գաղտնի նախագծեր ունի, Հայտնի է՝ ով է նշանակվելու Արցախի պետնախարար․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 30 հարց։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցերի մեծ մասը կրկին չզեկուցվող են։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեք նախագիծ պետք է զեկուցի վաղը վարչապետին, եւ երեքն էլ գաղտնի են լինելու։ Բացի այդ, վաղը նախագիծ կընդունվի՝ հոկտեմբերի մեկից կրկին վարժական հավաքներ հայտարարելու մասին։ Մյուս կողմից՝ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):
Նշենք, որ պատերազմից անցել է 3 տարի, եւ կառավարությունը նոր փորձում է լուծել տուժած քաղաքացիների հարցերը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, վեր ջերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ոսկե մեդալով է պարգևատրել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ տնօրեն, Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանին:
«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե ինչի՞ համար կարող էր ՀՀ նախագահը մեդալով պարգևատրել գործարարին: Պարզվեց՝ խոսքը Համահայկական խաղերի ոսկե մեդալի մասին է, որը հանձնվել է օգոստոսի 23-ին Գյումրիում՝ Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման արարողության ժամանակ:
Ինչ վերաբերում է ոսկե մեդալով պարգևատրելու պատճառներին , ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նարեկ Նալբանդյանը 100 մլն դրամ է նվիրաբերել Համահայկական խաղերի անցկացման համար:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արայիկ Հարությունյանի կողմից ստեղծված՝ Արցախի նախագահին կից գործող մի շարք խորհուրդներ` վերջինիս հրաժարականից հետո, ըստ օրենքի, լուծարվել են: Եվ դրա արդյունքում բողոքի ալիք է բարձրացել։ Դրանցից մեկը նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդն է, որը ստեղծվել էր ամիսներ առաջ` հանրային գործիչներից, եւ ղեկավարում էր արցախյան հակառուսական թեւի ակտիվ ներկայացուցիչներից մեկը` Տիգրան Պետրոսյանը:
Վերջին օրերին նա կրկին ակտիվացել է, նրանք դեմ են Սամվել Շահրամանյանի ընտրվելուն, պատրաստվում են Սամվել Բաբայանի հետ բողոքի ակցիաներ անել ընդդեմ Շահրամանյանի ընտրության, որին ԱԺ-ն, ըստ ամենայնի, շաբաթվա վերջին նախագահ կընտրի։ «Եթե Արցախում հայի արյուն թափվի, իսկ ամեն ինչ գնում է դրան, ապա այդ արյունն Արայիկ Հարությունյանի վզին է լինելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը՝ հավելելով. «Արյունը՞ք օզում, արյունըք ստընական… Թալանչիներ, սառանչա, ձեր հարցերը մունք բիդի պատերազմից հետո լուծեինք, դե վեչինչ, տիյք օզում, տի անինք»։
Քաղաքական ուժերի եւ ՀԿ սեկտորի տարբեր ներկայացուցիչների հետ վերջին օրերին ունեցած հանդիպումների ժամանակ Շահրամանյանը, որոշ տեղեկություններով, խնդրել է իրենից քաղաքական ակնկալիքներ՝ պաշտոնների, արտոնություններ չսպասել եւ ոչ էլ կից խորհուրդների ու հանձնաժողովների ձեւավորման ակնկալիք ունենալ, քանի որ առանց այդ էլ պետական ապարատն ուռճացված է, իսկ եղած ֆինանսական ռեսուրսները հազիվ են բավարարում»:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ապագա կառավարությունում կստանա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Խոսքն «Ազատ հայրենիք»-ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Հարությունյանի մասին է, ով ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն` միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։ Երկրի քաղաքական կառավարումն ու ուժայինների աշխատանքի համակարգումն իրականացնելու է Արցախի նախագահը:
Նշենք, որ Արցախի խորհրդարանը շաբաթ օրը երկրի նախագահ կընտրի: Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ «Ազատ հայրենիք» խմբակցությունը նրա հետ սեպտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել։ Նոր նախագահի ընտրությունից հետո կձեւավորվի նաեւ նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, կլինի կոնսենսուսային, որտեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն»: