Եվրոպական միության փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան․ մանրամասներ

Եվրոպական միության փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան․ մանրամասներ

Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կժամանի Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը:

Կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի  խորացման  և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:

Սույն այցն իրականացվում է հետամուտ լինելով ս․թ․ հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը։ 

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ «Frontex»-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի կապակցությամբ կազդարարվի ԵՄ-ի և Հայաստանի միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։