Տիտղոսային ընդդիմության ճգնաժամը

Տիտղոսային ընդդիմության ճգնաժամը

Այն բանից հետո, երբ մայիս ամսին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքային պայքարը ձախողվեց, ակնհայտ էր, որ ստանդարտ քայլերով ճգնաժամը չի հաղթահարվելու:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մանդատը վայր դրեց ու իր քաղաքական ուժի մասով չեղարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի գոյությունը, որի խմբակցությունն այս պահին նույնանում է բացառապես ՀՀԿ-ի հետ:

Դեռ Վանեցյանի քայլից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները կանգնեցին լուրջ դիլեմայի առաջ:

Ռացիոնալ կլիներ, որպեսզի զույգ խմբակցությունների բոլոր պատգամավորները վայր դնեին մանդատները՝ առնվազն քաղաքական հարթության վրա խորհրդարանը դուրս դնելով լեգիտիմության դաշտից: Ակնհայտ է, որ Հայաստանը «Հյուսիսային Կորեայի» վերածվելու ռեսուրս չունի ու այդ պարագայում՝ տեսանելի էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների հեռանկարը:

Սակայն ընդդիմությունն այս ճանապարհով չգնաց, հնարավորինս «փոշիացրեց» փողոցը ու ԱԺ վերադարձավ՝ Ֆրանսիայի հրապարակի նարատիվով, բայց հանրահավաքային պայքարի փլատակների վրա:

Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը դադարեց գոյություն ունենալ, կանխատեսել էինք, որ ինստիտուցիոնալ փոշիացման գործընթացն ավելի մեծ ազդեցություն է գործելու «Հայաստան» դաշինքի վրա: Օրերս հայտնի դարձավ, որ այդ դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, փլուզվել է. համենայն դեպս, այս քաղաքական ուժի կորիզը կազմող սյունիքյան թևը հեռացել է
Սակայն սա վերջը չէ:

«Հայաստան» դաշինքում հակասությունները բազմաշերտ են ու մեծ վտանգ կա, որ խմբակցությունը կդադարի գործել՝ որպես միասնական մարմին:

Ռոբերտ Քոչարյանի թիմում կոնսենսուս չկա խորհրդարան վերադառնալու հարցում, ինչը նոր ջրբաժանների պատճառ կարող է դառնալ: Նույնիսկ խոսակցություններ կան, որ խմբակցության մի քանի պատգամավորներ պատրաստվում են վայր դնել մանդատները:

Մյուս մարտահրավերը՝ գլխավոր դատախազի սպասելի միջնորդությունն է, ինչի հետևանքով «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ կարող են զրկվել անձեռնմխելիությունից: Քաղաքական և բարոյական առումներով մաշված խմբակցությունը կարո՞ղ է դիմակայել այս փորձությանը:

Եվ վերջապես՝ ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը:

Նա չի՞ կարողանում, թե՞ չի ուզում զսպել խմբակցության ներսում առկա տարաձայնությունները: Արդյո՞ք Քոչարյանը այլևս չի հավակնում ընդդիմության առաջնորդությանը, թե՞ նոր թիմի ու մոտեցումների անհրաժեշտություն ունի:

Այս հարցերն առայժմ չունեն միանշանակ պատասխաններ:

 

Վահրամ Բագրատյան