Հակաարցախյան նոր արշավ կսկսի, Փաշինյանը կասկածի տակ է դնում բուհերի որակական հատկանիշները․ Մամուլը՝ սուրճով

Հակաարցախյան նոր արշավ կսկսի, Փաշինյանը կասկածի տակ է դնում բուհերի որակական հատկանիշները․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված եւ դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։

Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին եւ այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։ 

Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու եւ առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։

Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս իրավիճակում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում հայկական բուհերի որակական հատկանիշները, այսինքն՝ Հայաստանում բուհերի մակարդակն այնքան ցածր է, որ միջազգային հավատարմագրման շեմը չեն հաղթահարի։ ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց, մինչդեռ հենց նրա ներկայությամբ էր ՀՀ ԵՊԲՀ-ն օրեր առաջ արժանացել միջազգային հավատարմագրման, շատ բուհեր էլ այդ ճանապարհին են:

Հիշեցնենք, որ նույն այդ միջոցառման ընթացքում նախարարը նշել էր. «Շատ կարեւոր է այս աշխատանքը նաեւ գնահատել, կարեւոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց»: Նախարարը շնորհավորել էր համալսարանականներին, սակայն ՀՀ վարչապետին չհուշեց, որ չարտաբերի նման ամոթալի մտքեր: Ըստ երեւույթին, նախարարը լռում էր, որ ցնցուղի պատմության պես մի նոր սկանդալ իր շուրջը չհասունանա։

Հավելենք նաեւ, որ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ոլորտը աստիճանաբար քաոսի է վերածվում։ Բանն այն է, որ կրթության ռազմավարության մինչեւ 2030 թվականի ծրագրով սահմանված է՝ աշխարհի 500 թոփ համալսարանների շարքում 5 հայկական բուհ պետք է ունենա Հայաստանը։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարիներին 1000 թոփ բուհերի շարքում ՀՀ-ն ունեցել է 2 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը։ 2023 թվականին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դուրս է եկել այդ բուհերի շարքից, իսկ ԵՊՀ-ն զիջել է տեղը այլ համալսարանների՝ զբաղեցնելով 1081-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստվում 6 տարվա ընթացքում ունենալ 5 թոփ բուհ աշխարհի մակարդակով, երբ պատկերն այսպիսին է, իսկ ՀՀ վարչապետն էլ ակադեմիական կրթությունը բավարար որակյալ չի համարում, խիստ կասկածահարույց է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  

Փետրվարի վերջին կրեմլյան աղբյուրներից տեղեկություն տարածվեց, թե մարտի 1-ից Ռուսաստանը դադարեցնելու է բենզինի արտահանումներն այլ երկրներ։ Պատճառը բենզինի արտադրության ծավալների նվազումն է՝ ուկրաինական զինուժի կողմից որոշ նավթամշակման գործարանների ռմբակոծումների հետ կապված։ Բացառություն կարվի ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաեւ Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա եւ Հարավային Օսիա մատակարարումների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ շուտով Հայաստանում կարող է դեֆիցիտ առաջանալ, ու վառելիքի գները կարող են թանկանալ։ Բենզին ներմուծողներն առայժմ փոփոխություններ չեն նկատել։ «Ռան Օյլ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ բենզինի թանկացման մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, իսկ եթե լինի, իրենք հայտարարություն կանեն։

Բենզինի վաճառքով զբաղվող «Ստանդարտ Պետրոլ» ընկերության տնօրեն Լալա Գաբրիելյանն էլ ասաց, որ ոչ մի փոփոխություն՝ ո՛չ ծավալային, ո՛չ գնային, չի նկատել։ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն էլ ասաց, որ թեեւ ինքը հիմա նման հարցերով չի զբաղվում, սակայն, իր տեղեկություններով, արգելքը Հայաստանի վրա չի տարածվում։ «Իմ ինֆորմացիայով՝ դա Հայաստանին առայժմ չի վերաբերում, որովհետեւ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է։ Առայժմ նման հարց չկա դրված։ Բայց, կրկնում եմ, սա իմ տեղեկությունն է»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։ Իսկ թե Հայաստանի պրոարեւմտյան քայլերն ու ՆԱՏՕ-ի քարտուղարի այցը, Երեւանում արած հակառուսական հայտարարություններն ինչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար, կերեւա առաջիկայում: Մայիսյան տոներին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը, եւ Ռուսաստանը մեծ շուքով պատրաստվում է դրան:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Մոսկվա եւ մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ ռուսական շուկայից հրաժարվելը եւ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելը կարող են խիստ բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա: Բայց կհաջողվի՞ արդյոք միանգամից երկու աթոռի նստել եւ լարախաղացություն անել երկու հակամարտող ճամբարների միջեւ, դեռեւս պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու Տավուշում:

«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», – նշել էր նա։

Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ եւ բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաեւ իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում եւ մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլեւ ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից»: