Ի՞նչ սպասել Թուրքիայի ընտրություններից, արդյոք Էրդողանը կմնա իշխանության. հարցազրույց

Ի՞նչ սպասել Թուրքիայի ընտրություններից, արդյոք Էրդողանը կմնա իշխանության. հարցազրույց

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի՝ մայիսի 28-ին։

Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, և նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն:

Ի՞նչ արդյունքներ կարող են ունենալ առաջիկա ընտրությունները, ովքե՞ր են ֆավորիտներն ու ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել արդյունքները. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց թուրքագետ Նելլի Մինասյանի հետ:

- Մայիսին 14-ին Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ, ովքե՞ր են ֆավորիտները և ինչպես կգնահատեք գործող նախագահի՝ Էրդողանի շանսերը:

- Մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված են երկու ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական: Քանի որ Էրդողանը կարողացավ ստեղծել ուժեղ նախագահական ինստիտուտ, ուստի բոլորի ուշադրությունն ավելի շատ նախագահական ընտրությունների վրա է սևեռված: Նախագահի թեկնածուները չորսն էին՝ մինչև երեկ, բայց ֆավորիտ թեկնածուները երկուսն են. գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Երրորդ թեկնածուն Հայրենիք կոըսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն է: Եվ վերջին ներկայացուցիչը Նախնյաց դաշինքի կողմից առաջադրված Սինան Օղանն է:

Միանգամից նշեմ, որ այս վերջին թեկնածուն գրեթե ոչ մի շանս չունի: Մուհարեմ Ինջեն որոշակի շանսեր ուներ և որոշ քաղաքագետներ խոսում էին, որ նրա թեկնածությունը բալանսավորում է երկու ֆավորիտ թեկնածուների միջև պայքարը և, ըստ էության, նրա թեկնածությունը պետք է նախապատրաստեր այս ընտրություններում երկրորդ փուլ: Բայց երեկ նա հրավիրեց մամլո ասուլիս և ներկայացրեց, որ ինքը հանում է իր թեկնածությունը: Դրան, ըստ էության, պետք է հաջորդեր իր կողմնակիցներին ուղղված կոչ՝ ո՞ւմ օգտին քվեարկել, սակայն դա չեղավ: Դրանից հետո սկսեցին շրջանառվել լուրեր, որ նա գյուլենականների ազդեցության ներքո է հանում թեկնածությունը, իսկ ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր, մեղադրելով ռուսական կողմին, և այլն: Այսինքն այն հավանականությունը, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ, գնալով նվազեց:

- Ինչպե՞ս կգնահատենք գործող նախագահի հնարավորությունները այս ընտրություններում:

- Նախ պետք է ասել, որ երկու կողմերն էլ իրենց հնարավորություններով հավասար են և այս պահին իսկապես դժվար է ասել, թե կողմերից, որ մեկն ավելի մեծ հնարավորություններ ունի, և սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ սոցիալական հարցումները և քաղաքական ակցիաները երկու կողմերն էլ իրականացնում են և երկու կողմերի էլ հրապարակած տվյալներն էլ վստահություն չեն ներշնչում՝ ամենքը ներկայացնում է ըստ իր նախասիրության: Բայց այնուամենայնիվ նշեմ, որ Էրդողանը վերջին շրջանում անընդհատ կորցրել է որոշակի քվեներ և ակնհայտ է, որ նկատելի է նրա հեղինակության և ընդհանրապես նրա վարկանիշի անկում: Դա, իդեպ, սկսվել էր դեռևս մինչև այս տարվա սկիզբը, այսինքն մինչև փետրվարի 6-ի երկրաշարժը: Փետրվարի 6-ի երկրաշարժը ավելի խորացրեց և տեսանելի դարձրեց դա, ինչն էլ իր հերթին նպաստեց Էրդողանի վարկանիշի անկմանը: Բայց ամենակարևորը սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Ընդ որում, նախորդ անգամ Էրդողանը ընտրվեց հենց Թուրքիայի քաղաքացիներին խոստանալով սոցիալ-տնտեսական բնագավառում բարեփոխումներ և բարեկեցիկ կյանքի ապահովում, ինչը չենք տեսնում: Այսօր Թուրքիան գտնվում է ծանր վիճակում՝ գնաճը բավականին մեծ չափերի է հասել, թուրքական լիրան անընդհատ արժեզրկվում է: Երկրաշարժից հետո Թուրքիային շատ են պետք ներդրումներ, որը Էրդողանը չի կարողանում ներրգրավել և բազմաթիվ այլ խնդիրներ կան: Այնպես որ այս խնդիրները, որոնք, իմ կարծիքով, ընտրությունների ժամանակ կարևոր են, հենց Էրդողանի օգտին չեն և կարող են ընդդիմությանը բերել հաղթանակ: Այստեղ պետք է նշել, որ Էրդողանն իր ուժեղ կողմն է անընդհատ ցուցադրում՝ դա ռազմական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված նվաճումներն են: Բայց դրան էլ պետք է մի փոքր վերապահումով մոտենալ, որ ինչքան էլ Թուրքիայի քաղաքացիները ոգևորվեն այդ ձեռքբերումներով, միևնույն է՝ կարևոր խնդիր շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական հարցերը: 

- Եթե ընտրվի նոր նախագահ, ապա այն կբերի՞ նոր օրակարգ: Սպասե՞լ քաղաքական կուրսի լուրջ փոփոխություններ, որոնք կհանգեցնեն նաև աշխարհաքաղաքական հայեցակարգերի վերանայում:

- Իհարկե պետք է սպասել քաղաքական կուրսի փոփոխությունների և անգամ լուրջ փոփոխությունների մասին է այստեղ խոսքը: Մենք մի քանի ենթատեքստերով պետք է դիտարկենք այն: Ը,ստ էության այստեղ ամենակարևորը Արևմուտք-Ռուսաստան առճակատումն է, որը գնալով ավելի է խորանում և տեսնում ենք, թե Թուրքիան ինչ դիրք է գրավում այստեղ: Այսինքն, առաջին ամենակարևորագույն փոփոխությունը արտաքին քաղաքականության մեջ, որը տեղի կունենա, եթե ընդդիմությունը գա իշխանության, դա այն է, որ ընդդիմության թեկնածուի ընտրվելով, արտաքին քաղաքականությունը կթեքվի դեպի Արևմուտք: Իհարկե որոշակի ծրագրեր, նախագծեր կպահպանվեն, թեև այստեղ արդեն մի փոքր ավելի դժվար կլինի ասել ռուսական կողմը ի՞նչ քայլերի կգնա, բայց կարծում եմ, որոշ բաներ կպահպանվեն, իսկ ընդհանուր առմամբ հանդես կգան ավելի շատ արևմտամետ քաղաքականությամբ: Եվ հենց այստեղից էլ կբխեն մնացած բոլոր զարգացումերը, թե Թուրքիան ինչ քաղաքականություն կորդեգրի տարբեր տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Դա սիրիական խնդիրն է, հայ-ադրբեջանական հարցն է և այլն: Եվ այո, հենվելով հենց միայն ընդդիմության թեկնածուի նախընտրական ծրագրի վրա, կարող ենք ասել, որ նրա իշխանության գալով կլինի քաղաքական կուրսի փոփոխություն: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան