Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ

Ռուսաստանի դրոշով նավը մտել է Բաթումի նավահանգիստ

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Հայաստանի Հանրապետություն մեկնող տարանցիկ բեռներով բեռնված նավը Ռուսաստանի դրոշով մտել է Բաթումի ծովային նավահանգիստ։ Փոխանցում է aliq.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության իրականացրած զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավի սեփականատեր ընկերության վրա:

Միաժամանակ, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պարզաբանմամբ՝ Բաթումի ծովային նավահանգստի Սաղուզի տարածքում Ռուսաստանի դրոշով նավարկվող երկրորդ նավն առանց բեռի է։

Ծովային տրանսպորտի գործակալության տվյալներով՝ նավը ժամանել է Եգիպտոսի «Դամիետա» նավահանգստից և նախատեսում է բեռ արտահանել Բաթումի նավահանգստից։ Նշված նավի, նաև բեռի վրա որևէ սահմանափակում չկա (նշված տեղեկությունը` պաշտոնական տվյալների հիման վրա, հունիսի 30-ին հրապարակել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը)։

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը համակարգում ու մշտապես ստուգում են և՛ նավերը, և՛ նավատերերին՝ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված, և եթե նավը կամ նավատերը գտնվում է պատժամիջոցների ցանկում, ապա չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և իրականացնել մաքսային ընթացակարգեր»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք. Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։