Սպանությո՞ւն, թե հանկարծամահ. «Աստղիկ» ԲԿ գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս MediaHub-ը տեղեկացրել էր, որ մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Նազինյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով «Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ աղբյուրի, նշված վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 29-ին Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում նշված ենթակայանից ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 49-ամյա Արման Նազինյանն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։