«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեում Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի եւ մինչեւ մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի եւ գործը դատարան ուղարկի:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով էլ նշվում է, թե հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում․ այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստում, համաձայն որի՝ մաքսակետի կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ կառավարության՝ ժամկետները սուղ են, եւ այդ պատճառով մրցույթ չի հայտարարվել։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ առանց մրցույթի անել՝ նախապես որոշված անձանցից ուղիղ գնման ընթացակարգով, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգ է։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը գնահատվում են մոտ 733 միլիոն դրամ։
Նախագծումն իրականացնելու է «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն, իսկ որպես շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» եւ «Սահակյանշին» ՓԲԸ-ները։ Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը փակ է 1993 թվականից, 30 տարվա փակ սահմանները կարճատեւ՝ մեկ-երկու անգամ բացվեցին այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով տուժածներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։
Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։
Այդ հրամանն ակնհայտ ապօրինի էր, քանի որ ԱԺ շենքում անվտանգության կանոների 7,8 կետում հստակ նշված է.
«Պահպանության ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ Ազգային
ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ համաչափ
միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին (բացառությամբ պատգամավորի)
կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում, որի մասին անմիջապես զեկուցում է՝ ըստ վերադասության»:
Նկատեցի՞ք՝ անվտանգության կանոններում հստակ նշված է, որ պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել:
Երեկ, սակայն, նրանք կարգազանցությամբ են զբաղվել, օրենքով արգելված գործողություններ են կատարել: Տեղի էր ունենում քաղաքական ակցիա, որին իրավունք չունեին միջամտելու։
«Հրապարակ» թերթը գրում է.
Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել:
Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ։
«Հրապարակ» թերթը գրում է.
Աննա Վարդապետյանը, մինչ գլխավոր դատախազ դառնալը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից էր: Մենք Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ Աննա Վարդապետյանը շարունակո՞ւմ է դասախոսել ֆակուլտետում։ «Դասավանդում է բակալավրիատում, իր մասնագիտական առարկան քրեական իրավունքն է, եւ ծանրաբեռնվածություն ունի ոչ միայն այս պահին, այլեւ` վաղուց»,- ասաց նա: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է համալսարան այցելում։
«Ինչքան որ ժամերը պահանջում են՝ այդքան: Աշխատում է համատեղության կարգով, ոչ հաստիքային` ժամավճարային հիմունքներով»: Մենք տեղեկություն ունեինք, որ գլխավոր դատախազը թիկնապահների ուղեկցությամբ է գնում ԵՊՀ, եւ նրանք ուղեկցում են մինչեւ լսարան, սակայն, չգիտես ինչու, դեկանին դուր չեկավ հարցը, թե ում ուղեկցությամբ է նա հաճախում ԵՊՀ, եւ որտեղ են նրան սպասում թիկնապահները։ «Եկեք, հետեւեք, տեսեք, թե ում հետ եւ ոնց է գալիս համալսարան»: