Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել է կրակոց

Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ հնչել է կրակոց։
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, նույն գլխավոր վարչության ծանր հանցագործությունների վարչության պետ Մամիկոն Հակոբյանի, նույն գլխավոր վարչության սպանությունների բաժնի պետ Ռոման Խլղաթյանի, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն էլ պարզում է՝ արդյունք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կամ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ։
«Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվեց և նրա հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։