Երկրորդ ինքնաթիռը մինչ օրս ՀՀ Կառավարությունը դեռ չի տրամադրել. ի՞նչ վիճակում են հայերը Իսրայելում

Արդեն 40 օր է պատերազմ է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:
Իսրայելական ուժերն երեք օր առաջ գրավել են Գազա քաղաքի կենտրոնում գտնվող ՀԱՄԱՍ-ի խորհրդարանի շենքն ու նրանց, չակերտավոր ասած, պետական շինությունները և իրականացնում հիվանդանոցների շրջափակման ու մաքրման աշխատանքներ: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
«Օրինակ, մանկական հիվանդանոցի տակ հայտնաբերվել էր բունկեր, զինանոց, այնտեղ ժամանակին պահվել էին նաև հրեա գերեվարված երեխաները: Այդ մանկական հիվանդանոցի 20 մետր խորության վրա գտնվող բունկերում աշխատանքները շարունակվում են և հիմա մյուս խոշոր հիվանդանոցների մաքրման աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Չերնամորյանը:
Նա նաև ասաց, որ հիմնականում երկրի հարավային և կենտրոնական շրջանների հրթիռահարումները շարունակվում են:
«Նախօրեին երեկոյան ավելի խոշոր հրթիռներից հրթիռակոծվեցին երկրի մարդաշատ քաղաքները: Պատերազմը շարունակվում է և հայտնի չէ, թե երբ է ավարտվելու ռազմական գործողությունները: Հրեական բանակը ամբողջությամբ շրջափակել է Գազայի գոտին և չգիտենք, թե երբ են այս ամենը կավարտվի: Հիմա տեղի է ունենում քաղաքն այդ ահաբեկիչներից մաքրելու գործողությունները: Հարյուրավոր արաբ գերիներ ունեն արդեն, որոնք հանձնվել են կամ գերի են վերցվել: Տեղում ստեղծվել են դաշտային հետախուզական և հետաքննական կենտրոններ և այստեղ էլ տեղի են ունենում ռազմագերիների հարցաքննման գործընթացները»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ հայերի շրջանում, բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Ունենք շատ հայրենակիցներ, որոնց երեխաները գտնվում են Գազայի գոտում կամ Իսրայելի հյուսիսում ծառայության մեջ, որոնք ոչ թե ժամկետային զինծառայողներ են, այլ ՄՈԲ ուժերի շարքերում են և գտնվում են Գազա քաղաքում հենց պատերազմի առաջին օրերից: Եվ սա է նաև պատճառներից մեկը, որ հայերի մի մասը հրաժարվեց տեղահանվելուց: Երկրորդ ինքնաթիռը մինչ օրս ՀՀ Կառավարությունը դեռ չի տրամադրել: Հանուն արդարության պետք է փաստել, որ հրթիռահարումների ինտենսիվությունը համեմատաբալ ընկել է, բայց հյուսիսում իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հավելեց նա:
Ռեբեկա Հովհաննիսյան