Չելյաբինսկի ՄԻ հանձնակատարը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին բուժօգնության կարիք ունեցող անձին օգնելու հարցով

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք։
Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ Հանձնակատարի ջանքերով քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
ՄԻՊ գրասենյակ