ՔՊ-ից հաստատում են՝ Գրիգոր Մինասյանից ուզում են ազատվել․ ո՞վ կփոխարինի նրան

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ում ստորագրահավաք է սկսվել։ ՔՊ-ից մեր աղբյուրը MediaHub-ին հայտնեց, որ թեև ինքը չի մասնակցել այդ ստորագրահավաքին, բայց հաստատեց, որ կա նման բան։
Թե ով է լինելու թեկնածուն, մեր զրուցակիցն ասաց․ «Չկա անուն, նույնիսկ մարդիկ, ովքեր միանում էին, ասում էին՝ «ասեք, թե ով է թեկնածուն», ասում էին՝ «չկա թեկնածու, ավելի շատ իրեն հանելու հարցն է էստեղ»»։
Նշենք, որ Գրիգոր Մինասյանի շուրջ ինտրիգները հյուսվում են վաղուց, նա ամենից շատ քննարկվող նախարարն է այն կոնտեքստում, որ հեսա-հեսա հրաժարական է տալու կամ նրան հանելու են: Իր անձի շուրջ աղմուկ բարձրացավ հատկապես այն ժամանակ, երբ արդարադատության նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը նշանակվեց արդարադատության փոխնախարար։ Սիրվարդ Գևորգյանը Փաշինյանի ոխերիմ թշնամի Ռոբերտ Քոչարյանի դստեր ընկերուհին և համակուրսեցին է եղել, և նրա նշանակումից հետո համացանցում տարածվեց լուսանկար, որտեղ Սիրվարդ Գևորգյանը Քոչարյանի գրքի շնորհանդեսի օրը Քոչարյանի հեղինակած գիրքը ամուր բռնած՝ կանգնած է Քոչարյանի դստեր կողքը։ Եւ սա մեծ աղմուկ էր բարձրացրել մեդիադաշտում, հատկապես քննադատում էին իշխանական ու մերձիշխանական դեմքերը, թե ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնի է նշանակում մերձքոչարյանական դեմքերին, այս դեպքում՝ Քոչարյանի դստեր ընկերուհուն՝ չնայած նրան, որ Սիրվարդ Գևորգյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, որևէ թիմի անդամ չի եղել, երբևէ իր ընդդիմադիր կամ նույնիսկ իշխանական հայացքները ի ցույց չի դրել, միշտ աշխատել է պետական ապարատում՝ նախկինների թվերից սկսած։
Ավելին, այս աղմուկից հետո նա իր ֆեյսբուքյան էջում հավատարմության երդում տվեց Փաշինյանին՝ գրելով․ «Իմ քաղաքական ընտրությունը կատարել եմ և անվերապահորեն պաշտպանում եմ Հայաստանի կառավարության արտաքին և ներքին քաղաքական կուրսը, Իրական Հայաստանի և Հայրենիքը Պետությունն է հայեցակարգերը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»։
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այս տեքստը Սիրվարդ Գևորգյանն ինքը չէր գրել, կամ գոնե դրա քաղաքական հատվածը, որտեղ իբր անվերապահորեն պաշտպանում է «վարչապետ Փաշինյանի» քաղաքական կուրսը, այդքան էլ ինքը չի գրել, այլ Գրիգոր Մինասյանն ինքն է գրել-տվել, որ հրապարակի կամ ստիպել, որ ավելացնի, բայց միևնույն է, դա տարածվել է հենց իր անունից։
Այս ամենով հանդերձ, միևնույն է, նրան չներեցին և շարունակեցին քննադատել Փաշինյանին, թե ինչու է նա նախկիններից մնացած ու իրենց թշնամու դստեր հետ մտերմություն արած կամ այժմ էլ անող անձին նշանակել քաղաքական բարձր պաշտոնի։
MediaHub-ի տեղեկություններով՝ այս աղմուկից հետո Փաշինյանի հետ հերթական փակ հանդիպումներից մեկի ժամանակ նրան հարցրել են, թե ինչպե՞ս կբացատրի Քոչարյանի դստեր ընկերուհուն փոխնախարար նշանակելու փաստը, և Փաշինյանը, ի զարմանս ներկաների, սկսել է գովել Սիրվարդ Գևորգյանին, խոսել նրա մասնագիտական ու մարդկային որակների մասին՝ շեշտելով, որ Գևորգյանն իր համար վստահելի անձ է։
Ուստի, որոշ շրջանակներ չեն բացառում, որ հնարավոր է՝ հենց Սիրվարդ Գևորգյանին էլ պատրաստում են որպես Գրիգոր Մինասյանին փոխարինող, թեև այս պահին նրա անունը ուղիղ կերպով չի շրջանառվում, և ՔՊ-ականներն ավելի շատ կենտրոնացած են նախ Գրիգոր Մինասյանին հանելու վրա։
Վահե Մակարյան