Ընդդիմությունը պե՞տք է գնա խորհրդարան․ Գալուստ Սահակյանի արձագանքը

Ընդդիմությունը պե՞տք է գնա խորհրդարան․ Գալուստ Սահակյանի արձագանքը

Ընդդիմությունը պե՞տք է գնա խորհրդարան, թե՞՝ ոչ․ քաղաքական կաթսայում շարունակում է եռալ այս հարցը։ Ինչո՞ւ․ հավանաբար այն պատճառով, որ գարնանը Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը վստահեցնում էր՝ ԱԺ չի գնալու, փոխարենը շարունակելու է մինչև վերջ մնալ պայքարի էպիկենտրոնում։ Սակայն, ինչպես հետո պարզ դարձավ, Փաշինյանին դեմ արտահայտվողները որոշեցին գնալ ԱԺ, բայց իրենց օրակարգով։

Արդյո՞ք դա ճիշտ որոշում էր․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ։

- Պարո՛ն Սահակյան, սեպտեմբերի 12-ին մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։ Ընդդիմությունը, ըստ էության, գնալու է խորհրդարան։ Ըստ Ձեզ, դա ճի՞շտ որոշում էր։

- Այս պահին ցանկացած մեթոդ՝ ընդունելի, թե ոչ ընդունելի, հնարավոր, թե անհնարին, պետք է փորձել։ Պետք է ինչ-որ ժամանակ դրական բաներ բերող ամեն ինչ փորձել։

- Անգամ երկխոսել այն իշխանության հետ, որին թրքահաճո՞ էր անվանում նույն ընդդիմությունը։

- Այսօր երկու խումբ ունենք, մի մասը գնում է թուրք-ադրբեջանական ճանապարհով, մյուսը՝ ազգայնական։ Ովքեր ազգայնականներ են, ազգայնականների հետ լինեն ու պայքարեն մնացածի դեմ։ Ու դա պիտի անեն ցանկացած վայրում։ Եվ եթե անգամ ինչ-որ բան այդ ազգայնականներին դուր չի գալիս, պետք է մի կողմ դնեն ու միասին գնան նույն ուղղությամբ։

 - Այսինքն՝ մանդատները վայր դնելը ճիշտ որոշում չէր լինի՞, ԱԺ ամբիոնն, ըստ Ձեզ, կարող է դառնալ պայքարի հարթակ։

- Եթե մանդատները վայր պիտի դնեին, ուրեմն չպետք է մասնակցեին ընտրություններին։ Հատկապես, բազմիցս ասել ենք, որ եթե իշխանությունն է հրավիրում խորհրդարանական ընտրություն, նա բավականին մեծ կարողություններ ունի, և ով էլ մասնակցի այդ ընտրությանը, կրվելու է։ Մենք ասում էինք՝ մի մասնակցեք այդ ընտրություններին։

- Այո՛, ասում էիք, բայց մասնակցեցիք, գուցե հասկանալով, որ Փաշինյանի թիմը հաղթելու է, և լեգիտիմացնելու եք նրա իշխանությունը։

- Մեր կուսակցության ղեկավարն էլ էր կարծում, որ ընտրություններին չպետք է մասնակցել, մենք այդ ճանապարհով էինք գնում։ Վերջին պահին մասնակցեցինք, երբ տեսանք մարդիկ մասնակցում են։

Մասնակցեցինք, որ ընդդիմությունն ինչ-որ չափով ավելի ուժեղ լինի։ Դրա համար ենք մասնակցել։ Վերջին հաշվով տեսեք, որ մեր այն տղաները, որոնք փայլում են քաղաքականության մեջ, չմտան խորհրդարան, նրանք մնացին դրսում։ Ամեն ինչ մտածված էր։

Այլ հարցերի Գալուստ Սահակյանը չպատասխանեց, առողջական խնդիրներ ունի, սակայն շեշտեց՝ մեր երկիրն այն վիճակում է, որ այս պահին պայքարի ցանկացած մեթոդ ընդունելի և արդարացված է։


Նարե Գնունի