«ՀՀ–ն տրամադրված է փոխշահավետ համագործակցության»․ ինչ են ասել Միրզոյանը և Լավրովը

ՀՀ–ն տրամադրված է ՌԴ–ի հետ բոլոր ուղղություններով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Նա նշել է, որ բանակցող թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը «հույս ունեմ՝ այսօր կստորագրենք»։
Ըստ Միրզոյանի՝ դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար համագործակցության զարգացման ուղղությամբ։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը ներգրավվի հեռանկարային գործընթացների մեջ Շանհայի համագործակցության շրջանակում, նաև ԲՐԻԿՍ–ում։
«ՌԴ–ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորն է էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։ Անցած տարվա արդյունքներն իսկապես տպավորիչ էին, դրանցով պետք է հենվել ու շարժվել առաջ»,– նշել Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ հոկտեմբերին ակնկալվում է հայկական օրերի անցկացումը ՌԴ–ում։
Լավրովը նաև ասել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի անձամբ մասնակցությունը Հաղթանակի 80–ամյակի շքերթին։
«Մենք զգացված ենք այն ուշադիր վերաբերմունքից, որ հայկական կողմը ցուցաբերում է բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրը անցկացվեցին Հայաստանում, ներառյալ Անմահ գնդի ակցիան։ Այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ–ի հետ մեր ռազմավարական հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խորը կապերը պահպանելուն»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։