Մարտերը շարունակվում են․ Ուկրաինայի ԶՈՒ հարձակման հետևանքով ՌԴ-ում մեկ մարդ մահացել է, 7-ը վիրավորվել

Մարտերը շարունակվում են․  Ուկրաինայի ԶՈՒ հարձակման հետևանքով ՌԴ-ում մեկ մարդ մահացել է, 7-ը վիրավորվել

 

Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Շրջանի ղեկավարի խոսքով՝ Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգ, որը մի քանի օդային թիրախ է խոցել։ Շտապօգնության խմբերն արդեն վիրավորներին տեղափոխում են բուժհաստատություններ, հավելել է մարզպետը։

«Նախնական տեղեկություններով՝ Բելգորոդ քաղաքում ուղիղ հարվածներ են եղել բազմաբնակարան շենքի, մի քանի առևտրային շենքերի և մարդատար ավտոմեքենայի վրա։ Դուբովոե գյուղի Բելգորոդ թաղամասում երկու առանձնատուն է այրվում։ Հրշեջները նույնպես մեկնել են հասցեներ»,- գրել է Գլադկովը։

 

Բելգորոդի վրա հրթիռի վտանգի ազդանշանի ժամանակ պայթյունների շարք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սեփական թղթակցին։

Գործակալության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:05-ի սահմաններում Բելգորոդում ահազանգը սկսել է հնչել, իսկ մի քանի վայրկյան անց քաղաքում մի քանի ուժգին պայթյուն է լսվել։ Մինչ այս Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ մարզի Պետրովկա գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետեւանքով երկու մարդ է տուժել։