Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

«Ազգային միասնություն»-ից խոսողները պետք է հստակ պատասխանեն մեկ հարցի, նկատի ունեն Փաշինյանով հանդե՞րձ, թե՞ առանց նրա

Blog Image

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այդքան ակտիվանում են անհատներ, որոնք վերջին տարիներին իրենց գոյության մասին գրեթե չէին հիշեցնում։ Կարծես այս ողջ ժամանակահատվածում Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել, մենք չենք բախվել աղետների, չենք կորցրել ոչինչ ու հիմա պարզապես մեզ սպասում են համապետական ընտրություններ, այսինքն, դասական քաղաքական գործընթաց, որը տեղի է ունենում ցանկացած երկրում։ Ընդ որում, նմանատիպ ուժերի ու անհատների քաղաքական հիմնական խաղաքարտը «ազգային միասնության» կոչ անելն է, որը կարող է միաժամանակ լինել թե՛ քաղաքականապես սնանկ, թե՛ վտանգավոր։

Շատերը «ազգային միասնությունից» խոսում են նաև այն պատճառով, որ դա պարզապես գեղեցիկ բառակապակցություն է ու ազդեցիկ։ Յուրաքանչյուր խոսքից առաջ դրեք ազգային բառը ու ազդեցությունը հանրության վրա շատ ավելի շոշափելի կլինի, եթե նույնիսկ դրան չի հաջորդում ոչ մի գաղափար, ոչ մի ծրագիր։ Նույնիսկ ազգային ապազգայինը կարող է տպավորող լինել, հետևաբար ոմանք իրենց քաղաքական սնանկությունը կամ Նիկոլ Փաշինյանին ծառայելու պատրասպակամությունը փորձում են քողարկել ազգային բառով։

Սակայն այսուհետ պետք է զուլալվեն քաղաքական ջրերը ու ցանկացած քաղաքական միավոր, որը խոսում է «ազգային միասնությունից» պետք է հստակ պատասխանի հետևյալ հարցին. «Ազգային միասնության» այդ գայթակղիչ անվան տակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն մտնո՞ւմ են, թե՝ ոչ։ Եթե չկա հստակ պատասխան, ուրեմն տվյալ գործիչը կամ քաղաքական միավորն իրականում ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Եթե չկա հստակ տարանջատում, ապա տվյալ գործիչը կամ քաղաքական միավորը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, ծառայելու է Նիկոլ Փաշինյանին։ Եթե «ազգային միասնության» գաղափարի մեջ նկատի է առնվում բացարձակ «միասնություն», ապա դրանից հետո բերվող բոլոր փաստարկները, «գաղափարները», «ծրագրերը» նույնիսկ «հանուն ազգի մեռնելու» պատրաստակամությունն ունեն ընդամենը մեկ նպատակ՝ օգնելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա վերարտադրվի։

Հանրությունը պետք է հստակ իմանա, որ այսօր լղոզված հայտարարություններով հանդես եկող, մարդկանց գեղեցիկ բառերով կերակրող, տեղին-անտեղին ազգայինից խոսող ուժերը շատ ավելի վտանգավոր են, քան նույնիսկ ՔՊ-ն, որովհետև ՔՊ-ի դեմքը պարզ է։

Եթե դու խոսում ես «ազգային միասնությունից», սակայն չես տալիս Նիկոլ Փաշինյանի անունը, ապա դու Նիկոլ ես, եթե նույնիսկ խոստանաս վերականգնել ծովից-ծով Հայաստանը։

Կարեն Կարապետյան

Send