Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է
Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ժամեր առաջ ռադարներից կորել է այս երկրի հյուսիսում՝ Արևելյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնային շրջանում։
Իրանական աղբյուրները խոսում են վատ եղանակային պայմանների և մշուշի պայմաններում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրեջքի մասին, սակայն հստակ է, որ առայժմ աղետի պատճառը չի բացահայտվել, քանի որ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել դրա վթարման վայր։ Այս մասին MediaHub-ին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, եղել են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, մասնավորապես՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանի նախագահի ուղղաթիռն, ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ, թռիչքը սկսել է Արաքսի հովտից, որտեղ արհեստածին Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը:
Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, և խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ։
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։
Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»,- նշեց իրանագետը։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ