Ադրբեջանական կողմը «բայրաքթարներով» խոցել է ՊԲ որոշ դիրքեր․ Էդուարդ Աղաջանյան

Այսօր MediaHub.am-ը ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե արդյոք Փառուխի և Խրամորթի հատվածում մենք բնագծեր չենք ունեցել, քանի որ նման պնդում էր արել Սամվել Բաբայանը։

Ի պատասխան` Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ տվյալ հատվածում առաջնագիծ եղել է․ «Կարծում եմ, որ խոսքը գնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին և այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է, մենք պետք է հասկանանաք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, քանի որ, փաստացի, այս առաջխաղացման արդյունքում ադրբեջանցիները հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն, շրջանցել են նրանց»։

Նա շեշտեց, որ նշված հատվածը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է և, հետևաբար, ակնկալում են ստանալ հստակ պատասխաններ ռուս գործընկերներից, թե ինչ պայմաններում, ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ «Նշեմ, որ այս առաջխաղացման արդյունքում ադրբեջանցիների թիկունքում է գտնվում Փառուխ գյուղը, նաև ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր»։

Նա նշեց, որ այս առաջխաղացմանը հետևել է գիշերը և այսօր տեղային ռազմական գործողություններ․ «Կան նաև վիրավորներ, ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ «Բայրաքթարներ», որոնք կոնկրետ գործածվել են և, որքանով տեղյակ եմ, խոցել են ՊԲ որոշ դիրքեր և որպեսզի պատկերը պարզ լինի, խոսքը գնում է կոնկրետ էսկալացիոն գործողությունների մասին»։