Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում 29-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի վերջնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Փրկարարները, ապա նրանց միացած՝ ճանապարհը սպասարկող ճանշինականները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երկաթե արգելապատնեշի միջից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Արագածոտնի պարեկներն ու Ապարանի ոստիկանները պարզում են այդ տեղեկությունը:
