Ովքե՞ր են պատասխանատու Քերոբյանի ձախողված ծրագրերի համար, և ի՞նչ է պատրաստվում անել Գևորգ Պապոյանը (տեսանյութ)

Վահան Քերոբյանը, երբ դեռ «քաղբանտարկյալ» չէր ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունում էկոնոմիկայի նախարար էր աշխատում, մեծ-մեծ ու ամբիցիոզ ծրագրեր էր փորձում կյանքի կոչել։
Դրանցից մեկը լաստանավն էր, որով Քերոբյանը մտադիր էր Լարսին այլընտրանք ապահովել, մյուսը չոր նավահանգստի ծրագիրն էր, որով պետք է Սև ծովի վրացական նավահանգիստների միջև ցամաքային կապ ապահովվեր։ Քերոբյանը նաև ուզում էր ռուսական շուկային այլընտրանք ձևավորեր՝ ի հաշիվ եվրոպական ու արևելյան շուկաների, սակայն չէր պատկերացնում, թե ինչպես պետք է հայ տնտեսվարողը ռուսական շուկայից հրաժարվի և թեքվի դեպի չինական կամ եվրոպական շուկաներ, եթե հայկական արտադրանքի պահանջարկը այդ երկրներում չկա։
Քերոբյանի ռոմանտիզմը թույլ չէր տալիս այդ ամենը ռեալ գնահատեր, մինչև որ Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը սկսեց Քերոբյանին՝ որպես նախարար, «ռեալ» գնահատել։ Արդյունքում Քերոբյանը պաշտոնից ազատվեց, մի կարճ շրջան հայտնվեց բանտում, իսկ լաստանավը, չոր նավահանգիստն ու մյուս ծրագրերն էլ մնացին անկատար, քանզի դրանք իրագործելու համար միայն ռոմանտիկ լինելը բավարար չէր։
Այսօր կառավարության նիստից հետո հազարից մեկ լրագրողների հետ շփվող էկոնոմիկայի նոր նախարար Գևորգ Պապոյանից MediaHub-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են լաստանավի ու չոր նավահանգստի ծրագրերը, և արդյոք ինքը մտադի՞ր է շարունակել Վահան Քերոբյանի ծրագրերը։
«Լաստանավը ստացվել է, բայց լաստանավին զուգահեռ Ռուսաստանը մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում դրա կարիքը այլևս չկա։ Լաստանավը վարձակալված է եղել, բայց հիմա դրա կարիքը չկա»,- ասաց Պապոյանը։
Այսինքն՝ նրա խոսքից հասկանում ենք, որ Քերոբյանը լաստանավը վարձակալել էր ժամանակավոր՝ մինչև Լարսի խնդիրը կլուծվի, մինչդեռ Քերոբյանը նման բան չէր ասել, այլ լաստանավի նպատակը Լարսին զուգահեռ այլընտրանքային փոխադրամիջոց ունենալն է՝ անկախ նրանից, թե Լարսում ինչ իրավիճակ է, և դա պետք է մշտապես գործեր ու ծառահեր հայ արտահանողներին ու ներկրողներին։
Բայց Պապոյանը դա այլ կերպ ներկայացրեց՝ իբրև թե լաստանավն իր առաքելությունը կատարել ավարտել է, հիմա դրա կարիքը չկա։ Իրականում, լաստանավը չորս անգամ գնացել-եկել է, սակայն տնտեսապես ձեռնտու չի եղել լաստանավի վարձակալությունն ու դրա միջոցով բեռնափոխադրում իրականացնելը, և դադարել են օգտվել, դրա համար էլ կառավարությունը հրաժարվել է այդ ամբիցիոզ ծրագրից։ Այդ մասին ժամանակին էկոնոմիկայի նախարարությունն էլ է հայտարարություն տարածել՝ թափանցիկ կերպով խոստովանելով, որ Քերոբյանի ծրագիրը, որ առանց այդ էլ խոստացածից բավականին ուշ կյանքի կոչվեց, իրականում, սխալ հաշվարկված էր։
Ինչ վերաբերում է չոր նավահանգստի նախագծից, ապա Պապոյանն ասաց․ «Հիմա կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում այդ պրոյեկտը արդյունավետ է, որոշակի պայմանների դեպքում՝ ոչ։ Եւ, բնականաբար, մենք հետևում ենք գործընթացներին, և այն պահին, երբ մենք համարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ՝ կմտնենք»։
Պապոյանը նաև նշեց, որ դրանք Վահան Քերոբյանի ծրագրերը չէին, այլ կառավարության ծրագրերին էին՝ միամտաբար կամ գիտակցելով այս ձախողված նախագծերի պատասխանատվությունը Քերոբյանի ուսերից հանելով և բարդելով ամբողջ կառավարության վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան