Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն, Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ Մամուլը՝ սուրճով

Կձերբակալե՞ն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն, Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել՝ պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։

Իրավապահները փնտրում են ենթադրյալ մարդասպանին՝ «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, որը դեպքից հետո անհետացել է ու մինչ օրս չկա։

Այս սպանության գործով իրավապահները խուզարկել են Էջմիածնի քաղաքապետի տունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փորձել են առգրավել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու անձնական հեռախոսը, սակայն նա հրաժարվել է հեռախոսը տրամադրել քննիչին ու հենց քննչական կոմիտեում կոտրել է այն։ Այս հանգամանքը ավելի է խստացրել իրավապահների կասկածները։

Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ»։

 

«Հրապարակը» գրում է․ 

Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ առաջիկա օրերին գուցե հեռանա։

Թերեւս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ-տեղապահ նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սեւոյանին, որը նաեւ ԵԿՄ անդամ է։ Սեւոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սեւոյանի նշանակումից օրեր անց։ Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված, ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ, ինչպես ասում են, «ծանոթանա օբյեկտին»։

Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում մղած «մարտերից» հետո, մեղադրել է Արամ Սարգսյանին, թե՝ ձեր պատճառով ընդդիմությունն ինձ է մեղադրում, եւ հորդորել է քայլեր ձեռնարկել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի: Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու եւ սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմությունն էր, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը:

Դիանա Գասպարյանին ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ «հասկացվել» է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշումն ունի` պետք է հրաժարական տա Նոր Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնել է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիսին համացանցում մի սկանդալային ձայնագրություն էր տարածվել Սուրեն Պապիկյանի եւ Դիանա Գասպարյանի զրույցի բովանդակությամբ: Ձայնագրությունում Դիանա Գասպարյանը դժգոհում էր Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան` Պապիկյանը նրան հորդորում էր պահպանել հանգստություն։ Այս միջադեպը Փաշինյանը չի «մարսել» եւ հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ»։